- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
March 27, 2023 | 16:26
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԵԴԻԱԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին:
Մեդիադպրոցին մասնակցում են 30 աշակերտներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, որոնք ընտրվել են ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդ լինելու և մոտիվացիոն նամակի հիման վրա:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և բարձր կուրսերի ուսանողների անցկացրած տեսական դասընթացների շնորհիվ ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն մասնագիտական գիտելիքներ մեդիագրագիտության, հանրային խոսքի, մեդիայի ժամանակակից զարգացումների և այլ թեմաների մասին, իսկ առաջադրանքների շնորհիվ կզարգացնեն գործնական հմտությունները:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, արժևորելով այս ծրագրի նախաձեռնումն ու կազմակերպումը, շեշտեց. «Սա հրաշալի հնարավորություն է մասնակիցներին ոչ միայն լրագրողի մասնագիտության առանձնահատկություններին ու լրագրողական աշխատանքի սկզբունքներին ծանոթացնելու, այլև բուհ-դպրոց կապն ամրապնդելու և դիմորդներին մոտիվացնելու տեսանկյունից»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Էլեն Թևոսյանն ընդգծեց, որ մասնակիցներն արդեն իսկ տեղեկատվական շրջայց են կատարել համալսարանում՝ ծանոթանալով ֆակուլտետի հեռուստա- և ռադիոստուդիաներին, ֆակուլտետի ընձեռած այլ հնարավորությունների ու համալսարանական միջավայրին: Էլենի խոսքով՝ հաջողելու դեպքում ծրագիրը կլինի շարունակական:
Նշենք, որ ծրագիրը կամփոփվի ուրբաթ օրը, դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր: