- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՉԻՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
June 25, 2018 | 13:46
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՉԻՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
Այսօր ԵՊՀ ռեկտորը հյուրընկալել էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը, որը գլխավորում էր ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Սուն Չժուանչժին:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը և Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
ԵՊՀ ռեկտորը Չինաստանից ժամանած հյուրերին ներկայացրեց Մայր բուհի ուսումնագիտական գործունեությունը, միջազգային համագործակցությունը, ինչպես նաև բուհի զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները. «Գիտական արտադրանքի ծավալով զիջելով միայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային՝ ԵՊՀ-ն տալիս է երկրի համախառն հետազոտական արդյունքի 1/3-ը, որն ավելին է, քան մյուս բոլոր բուհերինը միասին վերցրած»:
Արամ Սիմոնյանը չինացի գործընկերներին ասաց նաև, որ համալսարանի ուսանողների շրջանում չինարենը և չինական մշակույթը մեծ հետաքրքրություն են վայելում. «Մեր համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը, որն իրականացնում է չինարենի դասընթացներ, որոնց ընթացքում կենտրոնի սաներն ուսումնասիրում են ոչ միայն չինարենը, այլև չինական մշակութային արժեքներն ու ավանդույթները»:
Այնուհետև ԵՊՀ ղեկավարությունը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրակության անդամները քննարկեցին ԵՊՀ-ում չինարենի և չինագիտության կենտրոն ստեղծելու հարցը և որոշեցին, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում կբացվի կենտրոն, որը գիտական ուղղվածություն կունենա:
Կենտրոնը, ըստ նախնական պայմանավորվածության, կբացվի աշնանը: Այն կունենա համահամալսարանական բնույթ, որտեղ կկարողանան գործունեություն իրականացնել տարբեր ֆակուլտետներից ուսանողներ:
Չինացի գործընկերները պատմեցին, որ տարբեր երկրներում արդեն բացվել են նմանօրինակ կենտրոններ, որոնց կայացման գործում իրենք մեծ ներդրում են ունեցել, և այժմ էլ կարող են իրենց փորձով և խորհուրդներով օգտակար լինել ԵՊՀ-ում կենտրոնի գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար:
Երկու համալսարանների ներկայացուցիչները որոշեցին առավել մանրամասն քննարկել կենտրոնի գործունեության աշխատանքները և ներկայացնել դրա ստեղծման և կայացման ճանապարհային քարտեզը:
Քնար Միսակյան