- Main
- Node
- Իրավաբանի տեխնիկա
December 12, 2018 | 17:03
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Իրավաբանի տեխնիկա
«...Եթե անգամ մի օր հիասթափվեք իրավաբանի մասնագիտությունից, երբեք չհիասթափվեք ինքներդ ձեզնից»,- Գրիգոր Բեքմեզյան
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Իրավաբանի տեխնիկա» խորագրով սեմինար, որի շրջանակներում ուսանողական հանրույթին հյուրընկալվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը: Սեմինարին ներկա էին ուսանողներ ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի բոլոր կուրսերից:
Պրն. Բեքմեզյանն ուսանողների հետ կիսվեց իր հարուստ պրակտիկ փորձով և մասնագիտական գործունեության «գաղտնիքներով»՝ ուսանողներին տալով մի շարք պրակտիկ խորհուրդներ, որոնք անհրաժեշտ են փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար, այդ թվում՝ փաստաբան-վստահորդ հարաբերությունների, փաստաբանի գործունեության հասարակական ընկալման, անձնական և մասնագիտական համոզմունքների ճիշտ համադրման մասին:
Խոսելով փաստաբանի մասնագիտական հմտությունների մասին պրն. Բեքմեզյանը բացատրեց, թե ինչու պետք է շատ ուշադիր լինել անգամ մանր թվացող փաստական հանգամանքների նկատմամբ, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դրանք անտեսելը: Նա խորհուրդ տվեց մասնագիտական գործունեության ընթացքում երբեք չշտապել, բայց միևնույն ժամանակ արագ կողմնորոշվել և գործել ինքնավստահ:
Սեմինարի ընթացքում պրն. Բեքմեզյանը ,պատասխանելով ուսանողների կողմից տրված հարցերին, ներկայացրեց, թե որքան բարդ և ժամանակ առ ժամանակ հակասական կարող է լինել իրավաբանի մասնագիտությունը և խորհուրդ տվեց երբեք չվախենալ սխալվել, բայց միևնույն ժամանակ պատշաճ հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը՝ դրանք հնարավորինս նվազեցնելու նպատակով, անարդարությունների հանդիպելիս երբեք չհանձնվել, այլ փորձել հաղթահարել դրանք: Եվ վերջում խորհուրդ տվեց. «...եթե անգամ մի օր հիասթափվեք իրավաբանի մասնագիտությունից, երբեք չհիասթափվեք ինքներդ ձեզնից»:
Սեմինարն անցավ ջերմ, անմիջական մթնոլորտում և ուսանողներին հնարավորություն տվեց բավարարելու իրենց մասնագիտական հետաքրքրությունները:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն շնորհակալություն է հայտնում պարոն Բեքմեզյանին հետաքրքիր հանդիպման և պրակտիկ խորհուրդների համար:
Հեղինակ` Մարիա Պետրոսյան