- Main
- Node
- ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2»-Ը
April 15, 2019 | 15:35
Գիտություն
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՃԵԼԻ ԺԱՄԱՆՑ. ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 2»-Ը
Ապրիլի 12-14-ը Ծաղկաձորի «Համալսարանական» ուսումնաարտադրական բազայում անցկացվեց Փիլիսոփայական և հոգեբանական գիտահետազոտական 2-րդ ճամբարը, որին մասնակցում էին ԵՊՀ ուսանողներ և դասախոսներ:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած գիտահետազոտական ճամբարի նպատակն էր համախմբել գիտությամբ հետաքրքրված փիլիսոփա և հոգեբան ուսանողներին, երիտասարդ գիտնականներին՝ նրանց ավելի մոտեցնելու սեփական մասնագիտությանը և խորացնելու թե՛ տեսական, թե՛ կիրառական գիտելիքները:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈԻԳԸ նախագահ Մերի Ազիզյանը փաստեց, որ ճամբարի մասնակիցներին հնարավորություն է տրվել ամբողջովին լինելու մասնագիտական միջավայրում, վարելու մասնագիտական զրույցներ և բանավեճեր գործընկերների հետ։
Եռօրյա ճամբարի ընթացքում հոգեբանության ոլորտում քննարկվել են «Հոգեսոմատիկա. պատճառներ և հետևանքներ», «Սեռական հարաբերություններ. հոգեբանական դժվարություններ և վախեր», «Մասնագիտական այրում. առաջացման պատճառներ, կանխարգելում», «Որակական հետազոտություններ կատարելու հմտությունների զարգացում», «Գեշտալտ թերապիայի հիմունքներ» թեմաները, իսկ փիլիսոփայության ոլորտում՝ «Փիլիսոփայական կրթության հայեցակարգեր», «Քննադատական տեսություն», «Ներկա իշխանության որոշ հայեցակարգեր», «Բարոյագիտական պարադոքսներ» և «Բուդդիզմի փիլիսոփայություն» թեմաները:
Մերի Ազիզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճամբարի ընթացքում անցկացվել է նաև կլոր սեղան-քննարկում՝ կրթական և գիտահետազոտական առաջարկներ մշակելու նպատակով. «Քննարկման ընթացքում ուսանողներից կազմված երեք խմբեր մշակեցին բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում առկա խնդիրների լուծման, ինչպես նաև գիտահետազոտական առաջարկություններ»:
Ճամբարի վերջին օրն ուսանողները եղել են Կեչառիս եկեղեցական համալիրում և մասնակցել Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառումներին։
Մերի Ազիզյանը փաստեց, որ ճամբարին մասնակից բանախոսներին շատ է դուր եկել միջոցառման ձևաչափը. «Նրանք հույս հայտնեցին, որ ճամբարը շարունակական կլինի և կներառի նաև այլ ձևաչափերով քննարկումներ և այլ թեմաներ: Ուսանողները ևս շատ տպավորված էին: Նշում էին, որ շատ լավ ժամանակ են անցկացրել, ստացել են արժեքավոր մասնագիտական գիտելիքներ և լիցքաթափվել են»։
Քնար Միսակյան