- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ
April 18, 2019 | 11:36
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂՈՒՄ
Ապրիլի 13-14-ը տեղի ունեցած Մտավոր սեփականության իրավունքի ամենամյա 8-րդ մրցույթ-դատախաղին ԵՊՀ-ն ներկայացել է երկու թիմով, որոնցից մեկը ճանաչվել է գրավոր փուլի հաղթող, իսկ մյուսը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և նվաճել լավագույնի տիտղոսը:
Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթ-դատախաղը բաղկացած էր գրավոր և բանավոր փուլերից: Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարել և բանավոր փուլին մասնակցելու իրավունք էին ստացել հայաստանյան տարբեր բուհեր ներկայացնող 5 թիմեր:
ԵՊՀ-ն, իրավ. գիտ. թեկնածու Նարինե Ավագյանի մարզչական ղեկավարությամբ, ներկայացել է երկու թիմերով: ԵՊՀ 1 թիմի կազմում ընդգրկված են եղել երրորդ կուրսի ուսանողներ Մարիա Պետրոսյանը, Սվետլանա Կիրակոսյանը, Հենրիկ Խունդկարյանը, Մերի Բադոյանը և Անի Գալստյանը, իսկ ԵՊՀ 2 թիմի կազմում՝ երրորդ կուրսի ուսանողներ Դավիթ Ղարիբյանը, Մանե Մարկոսյանը, Վահագն Թանգամյանը, Անահիտ Սարգսյանը և Ինգա Մկրտչյանը:
Մրցույթի առաջին օրը թիմերն անցկացրել են երկուական խաղեր՝ հանդես գալով մեղադրական և պաշտպանական դիրքորոշումներով: Այնուհետև արբիտրների գնահատմամբ, առավելագույն միավորներ հավաքած 4 թիմեր անցել են կիսաեզրափակիչ փուլ: Ըստ վիճակահանության՝ ԵՊՀ երկու թիմերը կիսաեզրափակիչ փուլում մրցել են միմյանց դեմ:
Դատախաղին երիտասարդ իրավագետների քննարկման առանցքում հեղինակային իրավունքների հարցն էր: Մասնավորապես առաջադրված գործի հիմքում վիճարկվում էր հարցը, թե արդյոք խախտվել են գեղանկարչի ստեղծագործությունների հեղինակային իրավունքները, որի հանգուցալուծմանն էլ ուղղված էին ուսանողների դիրքորոշումներն ու ճառերը:
Արբիտրաժային դատարանի անդամները, հիմնվելով թիմերի ներկայացրած իրավական դիրքորոշումների և փաստարկների վրա, միջբուհական դատախաղում հաղթող են ճանաչել ԵՊՀ 1 թիմին, իսկ ԵՊՀ 2 թիմը ճանաչվել է գրավոր փուլի հաղթող: Բացի դրանից՝ Մարիա Պետրոսյանը և Մանե Մարկոսյանն արժանացել են նաև «Լավագույն բանախոս» մրցանակին:
Մեզ հետ զրույցում մրցույթին ԵՊՀ-ն ներկայացրած ուսանողները փաստեցին, որ դատախաղերի մասնակցության արդյունքում ձեռք են բերում նոր հմտություններ և կոնկրետ իրավունքի ոլորտում նեղ մասնագիտական գիտելիքներ:
«Դատախաղը արբիտրաժ էր, որտեղ կիրառելի են ոչ միայն ՀՀ օրենսդրական նորմերը, այլև միջազգային փորձը: Կողմերը համաձայնել էին գործը քննել առաջատար երկրների փորձի հիման վրա: Այսինքն՝ մենք ուսումնասիրել էինք տարբեր երկրների դատական գործեր»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ 1 թիմի անդամ Մարիա Պետրոսյանը:
Ի դեպ, ուսանողներն ուսումնական ծրագրով դեռևս չեն ուսումնասիրել ոլորտը: Մեզ հետ զրույցում թիմերի մարզիչ Նարինե Ավագյանն ասաց, որ հեղինակային իրավունքի ոլորտն այնքան լայն է, որ նույնիսկ մասնագետներն անընդհատ նոր բաներ են սովորում. «Մեր ուսանողները կարճ ժամանակահատվածում ուսումնասիրեցին ոլորտը և կարողացան թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում հրաշալի արդյունք ցուցաբերել»:
Քնար Միսակյան