- Main
- Node
- ՀԱՆԴԻՊՈՒՄ 35 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ ԷԻՆ
May 31, 2019 | 17:59
Հասարակություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ 35 ՏԱՐԻ ԱՆՑ. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԼՍԱՐԱՆՈՒՄ ԷԻՆ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1979-1984 թթ. շրջանավարտներն այսօր հավաքվել էին ֆակուլտետում՝ նշելու համալսարան ընդունվելու 40 և ավարտելու 35-ամյակները:
1979-1984 թթ. ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում է սովորել նաև ֆակուլտետի ներկայիս դեկան Վահրամ Դումանյանը, որը մեզ հետ զրույցում այսօր ասաց, որ կուրսընկերներով հավաքվելու մտադրություն այս տարիների ընթացքում պարբերաբար ունեցել են. «Այս տարի հոբելյանական էր կուրսի համար, և որոշեցինք հաստատ հավաքվել: Խորհրդանշական է, որ այս տարի նշվում է նաև ԵՊՀ հիմնադրման 100-ամյակը»:
Վահրամ Դումանյանը փաստեց, որ սերունդների տարբերությունն այսօր շատ է. «Այն ժամանակ միջին գիտելիքներ ունեցող ուսանողները շատ էին: Կար մի մակարդակ, որից քիչ իմանալն ամոթ էր, բայց այսօրվա լավ գիտելիքներ ունեցող ուսանողն էլ շատ լավն է: Այսօրվա մակարդակն այն ժամանակ չկար»:
«Այս պահի դրությամբ ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետ են դիմել աննախադեպ մեծ թվով դիմորդներ: Ֆակուլտետի ցուցանիշն առաջինն է ոչ միայն համալսարանում, այլև մյուս բոլոր բուհերի համեմատությամբ: Կարծում եմ՝ այդ ցուցանիշը հասարակության գնահատականն է մեր աշխատանքին: Այդ գնահատականը ձևավորվել է՝ շնորհիվ մեր կոլեկտիվի, այն քաղաքականության, որը վարում են ֆակուլտետում: Իհարկե, այն ձևավորվել է բոլոր տարիների մեր շրջանավարտների շնորհիվ, որոնք իրենց գործունեությամբ ցույց են տվել, թե ինչ աշխատանք է իրականցվում այստեղ»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Հանդիպմանը հրավիրվել էին նաև այն դասախոսները, որոնք դասավանդել են հավաքվածներին և այսօր էլ շարունակում են գիտելիքը փոխանցել նոր սերունդներին: Այսօր խորհրդանշական ձևով շրջանավարտները նստեցին ուսանողական նստարանների, իսկ դասախոսները՝ ամբիոնի մոտ:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նախկին ուսանողները հանդիպման ընթացքում հարգեցին այն կուրսընկերների հիշատակը, որոնք այսօր կենդանի չեն, հիշեցին ուսանողական կյանքի ուշագրավ ու հիշարժան դեպքեր, պատմեցին հետաքրքիր պատմություններ և խոստացան այսպիսի հանդիպումներ պարբերաբար կազմակերպել:
Քնար Միսակյան