- Main
- Node
- ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՎՍ ՕՐԸ ՏՈՆԻ ՎԵՐԱԾԵՑԻՆ
June 01, 2019 | 15:17
Հասարակություն
ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՎՍ ՕՐԸ ՏՈՆԻ ՎԵՐԱԾԵՑԻՆ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ այսօր ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Ֆարմացիայի ինստիտուտի դասախոսների երեխաները և թոռնիկները:
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլև Երեխաների պաշտպանության միջազգային օր:
ԵՊՀ-ն ևս անմասն չմնաց օրվա խորհրդին՝ իր հարկի տակ հյուրընկալելով մի խումբ դասախոսների երեխաներին և թոռնիկներին:
Մայր բուհում մթնոլորտը տոնական էր. փուչիկներ, զարդարանքներ, խաղեր, երգեր և, իհարկե, մանուկների ժպիտներ։
Միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա լավագույն հնարավորությունն էր՝ երեխաներին ծանոթացնելու իրենց ծնողների կամ պապիկ-տատիկների աշխատավայրին՝ սեր և ջերմություն առաջացնելով համալսարանի հանդեպ. «Ծնողներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում են այստեղ, իսկ երեխաների համար դեռևս «անիմանալի» է այդ վայրը, ուստի սա պատեհ առիթ էր՝ փոքրիկներին ծանոթացնելու և մտերմացնելու Մայր բուհի հետ»:
Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սամվել Վարդապետյանն էլ նշեց, որ ինքը մտադրված էր մեկ այլ վայրում նշելու մանուկների տոնը, բայց իմանալով միջոցառման մասին՝ միացավ իր գործընկերներին: «Ես մեծ սիրով իմ երեք թոռնիկների հետ եկա այստեղ: Այսպիսի միջոցառումները մեզ՝ գործընկերներիս, ավելի են մտերմացնում, իսկ երեխաների հետ ժամանակն անցկացնելը միշտ էլ հաճելի ու ջերմ է»:
Փոքրիկներից Անահիտ Գալստյանը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ էր եկել մայրիկի հետ:
Փոքրիկն արդեն որոշել է, թե ապագայում ինչ մասնագիտություն է ընտրելու, իսկ այն հարցին, թե նորից կգա ԵՊՀ, նա պատասխանեց. «Այստեղ ամեն ինչ հետաքրքիր և գեղեցիկ է»:
Տոնը նշվեց ջերմ մթնոլորտում. մանուկները ծնողների օգնությամբ մի քանի փորձեր կատարեցին, խաղեր կազմակերպեցին, մուլտֆիլմեր դիտեցին և լուսանկարվեցին:
Անգին Խաչատրյան