- Main
- Node
- «ԱՆԳԼԻՑԻԶՄՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ». ՎՈԼՖԳԱՆԳ ՔՐԻԳԵՐ
October 01, 2019 | 20:17
«ԱՆԳԼԻՑԻԶՄՆԵՐՆ ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ». ՎՈԼՖԳԱՆԳ ՔՐԻԳԵՐ
ԵՊՀ ՈՒԳԸ-ն միջազգային 6-րդ գիտական նստաշրջանին զուգահեռ կազմակերպել է նաև մասնագիտական 4 նեղ՝ պանելային քննարկումներ, որոնց շրջանակում այսօր տեղի է ունեցել «Anglicisms in German» խորագրով դասախոսություն, որը ներկայացնում էր գերմանացի մասնագետ Վոլֆգանգ Քրիգերը:
Վոլֆգանգ Քրիգերը նախ ողջունեց թեմայով հետաքրքրված ուսանողներին և դասախոսներին, ապա ներկայացրեց, թե ինչի մասին է դասախոսությունը:
«Հարկ է նշել, որ այսօրվա իմ դասախոսության թեման բավականին արդիական է և հաճախ է քննարկվում հատկապես լեզվաբանների կողմից,- փաստեց բանախոսը,- անգլիցիզմները չեն շրջանցել գերմաներենը, և ես նկատել եմ, որ հայերենը նույնպես զերծ չի մնացել դրանցից»:
Դասախոսության սկզբում Վոլֆգանգ Քրիգերը սահմանեց անգլիցիզմը՝ նշելով, որ լեզվի մեջ անգլիցիզմ է կոչվում այն երևույթը, երբ անգլերեն բառերը փոխակերպվում են տվյալ լեզվի բառերի, կոնկրետ այս դեպքում՝ գերմաներենի:
«Մենք կարող ենք առօրյայում նմանատիպ շատ օրինակների հանդիպել, երբ անգլիցիզմներն օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում նույնիսկ այն դեպքում, երբ ունեն գերմաներեն համարժեքները»,- նշեց գերմանացի մասնագետը՝ հավելելով, որ անգլիցիզմների կիրառման ոլորտները շատ տարբեր են՝ սկսած գովազդային վահանակներից, վերջացրած գիտական և քաղաքական ոլորտներով:
Վոլֆգանգ Քրիգերի համոզմամբ, անգլիցիզմները երկար ճանապարհ են անցնում նախքան որևէ լեզվին ինտեգրվելը:
«Մենք գիտենք, որ անգլերենը սեռ չունի, մինչդեռ գերմաներենը երեք սեռ ունի, գոյականների հատուկ գրություն, անորոշ բայերի վերջավորություն, այդ իսկ պատճառով անգլերեն բառերը երկար ճանապարհ են անցնում նախքան գերմաներենի բառապաշար մտնելը»,- ասաց բանախոսը:
Այնուամենայնիվ, լեզվաբանների կարծիքն անգլիցիզմների մասին միանշանակ չէ, քանի որ երբեմն շատ դժվար է ասել, թե տվյալ բառը կոնկրետ որ լեզվից է ծագել:
«Երբեմն բառի ծագումը շատ դժվար է որոշել, քանի որ հստակ չես կարող ասել՝ այդ բառն առաջացել է անգլերենից, ֆրանսերենից, թե լատիներենից»,- փաստեց Վոլֆգանգ Քրիգերը:
Հանդիպման վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին:
Անի Պողոսյան