![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/03_0.jpg?itok=qjQRWIbz)
Ուսանողական կյանքի անքակտելի մասն են կազմում տարատեսակ սպորտային իրադարձություններն ու մրցումները, որոնք հետաքրքիր և տարբերվող են դարձնում ուսանողական առօրյան:
Ամփոփելով սպորտային տարին՝ հարկ է անդրադառնալ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կողմից իրականացվող Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփմանը:
Մարզական խաղերի շրջանակում անցկացվել են ատլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ։
Խաղերին մասնակցել են 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող մարզիկներ։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/04_5.jpg?itok=I0fS7iGn)
Մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով ուսանողական խաղերի հաղթողներին ու մասնակիցներին, ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀՀ կառավարության և վարչապետի մակարդակով կարևորվում է զանգվածային սպորտի զարգացումը, որի շրջանակում էլ կազմակերպվում է այս՝ արդեն ավանդույթ դարձած մրցաշարը: Այս տարի ընդհանուր թիմային հաշվարկով Երևանի պետական համալսարանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը:
Ընդհանուր թիմային հաշվարկով մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված բուհերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներով։
Հուշանվերներով են պարգևատրվել մրցաշարի լավագույն մարզիկները, որոնց թվում էր նաև ԵՊՀ ուսանող Վիկա Կոշկարյանը (վոլեյբոլ մարզաձևից):
Մրցաշարի մասնակից մարզիկ ուսանողների հաջողության գաղտնիքների և ամանորյա մաղթանքների մասին դուք կիմանաք՝ հետևելով մեր ֆեյսբուքյան էջին:
![](/sites/default/files/styles/full_text/public/2023-09/02_4.jpg?itok=_g0HokX3)