Administrative Translation
Master's programme
- Ուսուցման ձևը՝ առկա
- Ուսման վարձը՝ 750.000 ՀՀ դրամ
- Տևողությունը՝ 1.5 տարի
- Շնորհվող որակավորումը՝ բանասիրության մագիստրոս, լեզվաբանություն (վարչագործարարական թարգմանություն)
- Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր
Սույն մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիրը միտված է պատրաստելու որակյալ թարգմանիչներ վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության բնագավառում՝ բարձրացնելով ԵՊՀ և այլ ՀՀ բուհերի օտար լեզուների ֆակուլտետների, և մասնավորապես թարգմանչական բաժնի շրջանավարտների մասնագիտական իրազեկությունը, ինչպես նաև ձևավորելու պրոֆեսիոնալ թարգմանական գործունեություն իրականացնելու հմտություններ վարչագործարարական փաստաթղթերին առնչվող տարբեր ոլորտներում։ Ներկայումս վարչագործարարական փաստաթղթերի թարգմանության պահանջարկը առանձնապես մեծ է այնպիսի ոլորտներում, ինչպես օր.՝ միջազգային բիզնես, տարատեսակ միջպետական իրավական գործընթացներ և վարույթներ, նոտարական գործ և այլն, որոնց բոլորին էլ հատուկ է համապատասխան պաշտոնական փաստաթղթավորում։ «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն իր տեսակով եզակի է Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում, քանի որ համանման միջգիտակարգային բնույթի կրթական ծրագիր չի իրականացվում ՀՀ որևէ այլ բարձրագույն կրթական հաստատությունում։ Այն աչքի է ընկնում առարկայական ծրագրերի խորությամբ և բազմաբովանդակությամբ, համադրելով մի շարք մասնագիտական ոլորտների (իրավաբանական, տնտեսագիտական, քաղաքագիտական) դասավանդում՝ ուսանողների մոտ տվյալ բնագավառներում թարգմանչական հմտություններ զարգացնելու նպատակով: Սույն կրթական ծրագրի շրջանակներում ուսուցանվող առարկայական ցանկը, ի թիվս թարգմանական գիտելիքներ և հմտություններ ձևավորող դասընթացների, ընդգրկում է նաև վերոնշյալ հարակից մասնագիտական ոլորտների հիմնարար դասընթացներ, որոնց դասավանդումն իրականացվելու է անգլերեն՝ ոլորտային առաջատար մասնագետների կողմից։ «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են, քանի որ ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ վարչագործարարական թարգմանության ոլորտում և ունակ կլինի կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ իրավաբանական, տնտեսագիտական և այլ մասնագիտական բնագավառներում, ինչպես նաև իրականացնել բարձրակարգ թարգմանական հմտություններ պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում: Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետևյալ հաստատություններում և կազմակերպություներում. տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում, տարբեր մասնագիտական ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական և այլն) առնչվող միջազգային կազմակերպություններում և միջպետական համատեղ ձեռնարկություններում, նոտարական գրասենյակներում, դատարաններում, բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում, ինչպես նաև մի շարք այլ պետական հաստատություններում և մասնավոր ձեռնարկություններում։
«Վարչագործարարական թարգմանություն» կրթական ծրագրի շրջանակներում նախատեսվում է թարգմանչական պրակտիկա հետևյալ հաստատություններում. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններ, ՀՀ Արդարադատության նախարարությանը կից թարգմանչական բյուրո, Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպություններ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ Անվտանգության Խորհուրդ և այլ պետական գերատեսչություններ: