ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արբիտրաժի ուսուցումը՝ իրավական կրթության կարևոր տարր» խորագրով բաց դասախոսություն:
Դասախոսության բանախոսներն էին Համբուրգի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Էքարտ Բրոեդերմանը և Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, ի.գ.դ․ Արմեն Հայկյանցը:
Բանախոսներն անդրադարձան արբիտրաժային պայմանագրերի կազմման, հատկապես դրանց շրջանակում նյութական իրավունքի ընտրության, իրավունքի կոլիզիաների հիմնախնդիրներին` առանձնահատուկ շեշտադրելով միջազգային առևտրային պայմանագրերի մասին «UNIDROIT» սկզբունքները:
Ուսանողներին ներկայացվեցին «UNIDROIT» սկզբունքները, դրանց՝ որպես միջազգային առևտրի ընդհանուր սկզբունքների մշակման պատմությունը և հեռանկարը։ Առանձին քննարկվեցին մի շարք կարևոր հայեցակետեր, ինչպես, օրինակ՝ բարեխղճության սկզբունքը, դրա արտացոլումը միջազգային իրավական փաստաթղթերում:
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր «Հայաստանի արբիտրաժային շաբաթ-2024» միջոցառումների շարքի շրջանակում, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիայի (ELSA) համատեղ ջանքերով: