ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները «Էկոլոգիական իրավունք» դասընթացում ուսումնառվող «Բնության հատուկ պահպանվող տարածքների իրավական ռեժիմի առանձնահատկությունները» թեմայի շրջանակում ընթացիկ ուստարվա դեկտեմբերին այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգում գործող թանգարանի չորս սրահներում ուսանողներին ներկայացվել են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ, կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական նմուշներ, բարեգործ և ազգանվեր Ահարոնյանների ընտանիքի անհատական հավաքածուն։
Միջոցառման կազմակերպիչ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Էկոլոգիական իրավունք» դասընթացի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը նշեց, որ այցի առաջնային նպատակն է ուսանողների տեսական գիտելիքների հիմքի վրա բնապահպանական աշխարհայացքի զարգացումը, մեր երկրի բնության ու ընդերքի հարստության առավել խորքային ճանաչողությունը և հոգատարության ձևավորումը ուսանողների մեջ: Նման այցերը հնարավորություն են տալիս առավել տեսանելի դարձնելու նաև ՀՀ «Կարմիր գրքում» գրանցված բազմաթիվ բույսերի ու կենդանիների տեսակներ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների այցելությունները Հայաստանի բնության պետական թանգարան սկսվել են դեռևս 2018 թվականից: