May 15, 2023 | 15:03
Science
Partners
International cooperation
A professor from University of Teramo gave an open lecture at YSU
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ Իտալիայի արդյունաբերական դոկտորական ծրագրերի վերաբերյալ բաց դասախոսություն, որի բանախոսն էր Տերամոյի համալսարանի միջազգայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան:
Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ARMDOCT» նախագծի և «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կազմակերպված դասախոսության նպատակն էր արդյունաբերական դոկտորական ծրագրերի վերաբերյալ իտալական փորձի համապարփակ ներկայացումը համալսարանում:
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ողջունելով այսօրինակ հանդիպումների անցկացումը, կարևորեց ծրագրի հիմնական նպատակը, այն է՝ բարեփոխել դոկտորական կրթությունը ԵՊՀ-ում, ինչպես նաև հայաստանյան այլ բուհերում: Նրա խոսքով՝ նման քննարկումներն ու միջոցառումները կնպաստեն դոկտորական կրթության բարեփոխումներին, արհեստական բանականության, ինչպես նաև այլ բնագավառների զարգացմանն ու կատարելագործմանը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը նշեց, որ «ARMDOCT» նախագծի շրջանակում համագործակցում են հայաստանյան 9 և եվրոպական 4 բուհեր:
Անդրադառնալով արդյունաբերական դոկտորական դպրոցի կարևորությանը՝ Երանուհի Մանուկյանն ընդգծեց. «Տերամոյի համալսարանն արդյունաբերական դոկտորական դպրոցի մեծ փորձառություն ունի։ Պաոլա Պիտտիայի այս դասախոսությունը կնպաստի, որ համալսարանը հեշտությամբ ներգրավվի ծրագրում»:
Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Պաոլա Պիտտիան խոսեց Իտալիայում արդյունաբերական դոկտորական ծրագրերի վերաբերյալ իր պատկերացումների և փորձի մասին:
Դասախոսությանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, կրթության կառավարիչներ, հետազոտողներ, դասախոսներ, ոլորտի ներկայացուցիչներ, ապագա ասպիրանտներ, որոնք հետաքրքրված են արդյունաբերական դոկտորական ծրագրերով։
Նշենք, որ Տերամոյի համալսարանի պրոռեկտորը, լինելով կենսաբան, դասախոսություններով է հանդես եկել նաև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, գործնական հանդիպումներ է ունեցել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ ԵՊՀ պատվիրակությունը 2022 թ. «ARMDOCT» ծրագրի շրջանակում այցելել էր Տերամոյի համալսարան: