May 17, 2023 | 14:26
Career
Education
Events
Three-day training courses for penitentiary and probation officers of RA Ministry of Justice at YSU
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման եռօրյա դասընթացներ՝ «Խոշտանգման, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելումը քրեակատարողական հիմնարկում» և «Անչափահասների պատժի կրման առանձնահատկությունները» թեմաներով:
Եռօրյա դասընթացների ժամանակ անցկացվելու են տեսական-օրենսդրական և գործնական հմտությունների կատարելագործմանն ուղղված քննարկումներ։ Դասընթացների նպատակն է հարստացնել մասնակիցների տեսական գիտելիքները և գործնականում դրանք կիրառելու հմտությունները։ Տեսական դասախոսությունները կզուգորդվեն պրակտիկ քննարկումներով և բանավեճերով։
Շահառու խմբերում ներառված են ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայողներ, վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրեր իրականացնող պաշտոնատար անձինք, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկներ:
Դասընթացավար, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, դասախոս Սերգեյ Ղազինյանը, մեզ հետ զրույցում ընդգծելով ընտրված թեմայի կարևորությունը, վստահեցրեց, որ քրեակատարողական ծառայողները պետք է թեմայի վերաբերյալ պատշաճ գիտելիք ունենան և իմանան, թե այդօրինակ իրավիճակներում ինչ մեխանիզմներ պետք է կիրառել, որպեսզի հետագայում անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն:
Ս. Ղազինյանը նշեց. «Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան ընդհանուր գիտելիք վատ վերաբերմունքի տեսակների և առանձնահատկությունների մասին, կծանոթանան դրանց վերաբերյալ ներպետական և միջազգային կարգավորումներին ու չափանիշներին, կտիրապետեն քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս և այնտեղ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման համար անհրաժեշտ գործոններին, դրանց առնչվող միջազգային փորձին»:
Նրա խոսքով՝ վերապատրաստվողները կկարողանան նաև բացահայտել վատ վերաբերմունքի դեպքերի քննության բաղադրիչները, կտիրապետեն քրեակատարողական հիմնարկում վատ վերաբերմունքի դեպքերի բացահայտման, արձանագրման և կանխարգելման տեսանկյունից քրեակատարողական ծառայողների և բուժաշխատողների փոխգործակցության առանձնահատկություններին։
Նշենք, որ դասընթացի ավարտին վերապատրաստման ծրագրի մասնակիցները կհանձնեն նախապես մշակված թեստ, որի արդյունքների հիման վրա կգնահատվեն: Մասնակիցներին կտրամադրվի գնահատման թերթիկ, որի միջոցով նրանք ևս հնարավորություն կունենան գնահատելու դասընթացի արդյունավետությունը (տրամադրված նյութերը, պայմանները, դասընթացավարին և այլն)։
Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան պատվոգիր: