July 14, 2023 | 13:46
Research
Competitions
Student
Beyond the Lenses։ Sketching the Human Portrait of Physics
Պատկերացրե՞լ եք՝ երիտասարդ տարիքում ինչպիսի տեսք կունենային մասնագիտությունները, եթե մարդակերպ լինեին՝ հստակ դիմագծերով, տարբեր բնավորության տեր, մարդու արտաքինն ու վարքագիծն ամբողջացնող որակներով: Եթե ոչ, ապա ուսանողական այս պատմությունը առիթ կտա այդ ուղղությամբ խորհելու, ձեր «քայլող ու մտածող» մասնագիտությունը մտքում ճեպանկարելու և նոր տեսանկյունից դիտարկելու համար:
Այս համատեքստում ֆիզիկան կերպավորելիս հավանաբար կտեղափոխվեք 16-17-րդ դարեր, երբ որպես գիտաճյուղ այն նոր էր սկսել զարգանալ, բայց… Փոխվում են ժամանակները, և այս մարդ-գիտությունն էլ ձեռք է բերում նոր դեմք ու դիմագիծ:
Ո՛չ, սա տելեպորտացիայի կամ ժամանակի մեքենաների մասին հեքիաթ չէ, այլ իրականություն, որտեղ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Հրաչյա Ասատրյանին կտեսնենք որպես «Ֆիզիկա» գիտության մարմնավորում: Հրաչյայի գրանցած հաջողությունները հիմք են դառնում դրանք որպես քրոնիկոն ներկայացնելու, ինչպես նաև անձնավորելու բնության հիմնարար խնդիրներն ուսումնասիրող այս գիտությունը:
Ֆիզիկան իր ինտելեկտն ու մտածողությունը ժառանգել է գենետիկորեն…
Մասնագիտության ընտրությունը Հրաչյայի համար դեռ վաղ տարիքից նախորոշված է եղել. նրա մայրն ու հայրը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ ինստիտուտ) շրջանավարտներ են, իսկ պապիկը՝ տեսաբան, ֆիզիկոս, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Հրաչյա Ասատրյանն է: Ժառանգելով ոչ միայն մեծանուն ֆիզիկոսի անունը, այլև մասնագիտության հանդեպ սերը՝ Հրաչյան ընդունվել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, գերազանցությամբ ավարտել այն, ապա կրթագիտական ճանապարհորդություն սկսել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտում:
Ֆիզիկան բնույթով մաքսիմալիստ է, աշխատասեր ու հայրենասեր…
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում սովորելիս Հրաչյայի մոտ ձևավորվել է մշտապես առավելագույնի հասնելու ձգտումը: Ասվածի ամենավառ ապացույցը համալսարանական վեց տարիների ընթացքում հանձնած քննությունների գերազանց արդյունքներն են:
Խոսելով համալսարանական ակտիվությունից՝ նա նշում է, որ թեպետ բակալավրիատական տարիներն ընդմիջվել են համավարակով, այնուամենայնիվ, վարել է ակտիվ կյանք և հաճախ նախաձեռնել այնպիսի հանդիպում-քննարկումներ, որոնք ունեցել են և՛ իրազեկող, և՛ կրթագիտական նշանակություն:
Անդրադառնալով ոլորտի հանդեպ հետաքրքրության մեծացմանն ուղղված նախաձեռնություններում իր մասնակցությանը՝ Հրաչյան մատնանշում է ֆակուլտետում ՀՀ տարբեր դպրոցների աշակերտների համար կազմակերպված ֆիզիկայի անվճար դասընթացները, որտեղ նա եղել է դասավանդողի դերում:
«Կարծում եմ՝ ֆիզիկային առնչվող տարաբնույթ ծրագրերին իմ մասնակցությունը նաև հայրենիքը շատ սիրելու արդյունք է: Լիահույս եմ, որ ֆիզիկայի զարգացմանն ուղղված ծրագրերը կնպաստեն ոլորտով հետաքրքրվողների թվի մեծացմանը, քանի որ այս բնագավառը խիստ կարևոր և արդիական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար»,- փաստում է Հրաչյան:
Ֆիզիկան 21-րդ դարում ուսապարկով է, որի մեջ համակարգիչն է՝ նախատեսված բարդ կանխատեսումներ կատարելու համար: Նա շարժվում է ստեպ-ստեպ քայլերով և անմիջականորեն շփվում մաթեմատիկայի, արհեստական բանականության և մասնավորապես մեքենայական ուսուցման հետ:
Բակալավրիատում սովորելու տարիներին Հրաչյան նեղ մասնագիտական գիտելիքներ է ստացել նաև մեքենայական ուսուցման վերաբերյալ, որը ենթադրում է համակարգչային ալգորիթմների ուսումնասիրություն և դիտարկվում է որպես արհեստական բանականության մաս:
Անդրադառնալով ֆիզիկայի և մեքենայական ուսուցման միջև առկա կապերին՝ նա նշում է. «Ֆիզիկան և մեքենայական ուսուցումն ուղղակիորեն կապված չեն, բայց երկուսն էլ համարվում են փորձարարական գիտություններ, որոնց շրջանակում դիտարկվում են ճշմարիտ համարվող տվյալներ և ստեղծվում մոդելներ, որոք հնարավորություն են տալիս հետագայում կանխատեսումներ կատարելու»:
Հատկանշական է, որ Հրաչյան, կիրառելով մեքենայական ուսուցմանն ու ֆիզիկային առնչվող գիտելիքները, աշխատում է միջազգային կազմակերպությունում, որի նպատակն է թվային գյուղատնտեսության զարգացումը:
Նա նշում է. «Համալսարանում ստացած գիտելիքները հնարավորություն են տալիս գործնականում օգտագործելու գերժամանակակից տեխնոլոգիաներ և մշակելու արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման տարբեր մոդելներ։ Դրանով մենք գյուղատնտեսներին օգնում ենք իրենց աշխատանքը դարձնելու առավել կանխատեսելի և արդյունավետ` նպաստելով նաև բերքատվության բարձրացմանն ու նրանց եկամտի աճին»։
Մի քանի լեզուների տիրապետող Ֆիզիկան արժանացել է մի շարք կրթամրցանակների ու պատվավոր կոչումների, բայց նրա գլխավոր նպատակը դուրս է մասնագիտական ուղեծրից:
Կրթական ոլորտում ակտիվություն ցուցաբերելուց զատ՝ Հրաչյան հեղինակում է նաև գիտական հոդվածներ: Նա ունի երկու ռուսալեզու և մեկ անգլիալեզու հոդվածներ, որոնք հրապարակված են ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում:
«Եթե ձգտում ես ֆիզիկան հասկանալու, ապա անհրաժեշտ է սովորել մաթեմատիկայի այբուբենը. միայն դրա շնորհիվ է հնարավոր գիտական ուսումնասիրություններ կատարել: Իսկ երբ նպատակ ես սահմանում այդ ուսումնասիրությունը ներկայացնելու միջազգային գիտական հանրույթին, ապա պետք է գրել միջազգային լեզվով՝ անգլերենով»,- ասում է Հրաչյան:
Հատկանշական է, որ ուսանողական տարիներին դրսևորած ակտիվության համար Հրաչյան արժանացել է «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն բակալավր», «Ոսկի սերմեր. հարգանքի և երախտիքի կրթամրցանակներ», «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» կրթամրցանակներին, ինչպես նաև Հայ ֆիզիկոսների միջազգային միության կրթաթոշակին: Վերջերս ճանաչվել է նաև «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող:
Թեպետ Հրաչյան նպատակ ունի շարունակելու իր գործունեությունը կրթագիտական ոլորտում, այնուամենայնիվ, նրա գերնպատակը դուրս է մասնագիտական ոլորտից:
«Նախ և առաջ ցանկանում եմ ապագա երեխաներիս համար լինել այնպիսի հայր, ինչպիսին իմն է...»,- ասում է նա: