August 21, 2023 | 13:34
Education
Research
Student
From feathers to feed additives. Breakthrough solutions for the development of agriculture are offered at YSU
Scientists and young researchers of the YSU Biology Faculty, including Mane Tadevosyan, obtain a number of valuable materials from waste. By reading Mane’s story, you will imagine how a feather, considered a waste, is transformed into valuable material, and how it is possible to contribute to the development of an environmentally friendly economy even being a student.
Մանեն դեռ վաղ հասակում ցանկացել է բժիշկ դառնալ, սակայն տեղեկանալով Երևանի պետական համալսարանի ընձեռած հնարավորությունների մասին՝ նպատակադրվել է ընդունվել Կենսաբանության ֆակուլտետ և սովորել Գենետիկայի բաժնում: Հնարավոր է՝ տպավորություն ստեղծվի, որ այժմ կկարդաք երիտասարդ գենետիկի կատարած հետազոտությունների մասին, բայց ո՛չ. ստանալով կենսաբանությանն առնչվող համընդգրկուն գիտելիքներ՝ Մանեն նախընտրել է մասնագիտանալ մանրէաբանության ոլորտում:
Նրա՝ մանրէաբանության հանդեպ հետաքրքրության մեծացմանը նպաստել են նաև ֆակուլտետում կազմակերպված մի շարք ծրագրեր, որոնց նա ակտիվորեն մասնակցել է: Հատկանշական են «Էքստրեմոֆիլ մանրէներ. բազմազանություն և հեռանկարներ» խորագրով ուսանողների և երիտասարդ գիտնականների համար նախատեսված միջազգային ամառային դպրոցը, «Ճանապարհ հարթելով կենսաբազմազանությունից դեպի կայուն կենսատնտեսություն» խորագրով աշխատաժողովն ու այլ ծրագրեր։
Ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքները դարձել են այն գլխավոր հիմքը, որի շնորհիվ Մանեն որոշել է ներգրավվել նաև արտանետված նյութերն արժեքավոր ռեսուրսների վերածելու ու կայուն ապագայի ստեղծմանն ուղղված աշխատանքներում։ Նրան հաճախ հետաքրքրել է մի հարց. եթե Հայաստանում տարեկան արտադրվում ու սպառվում են շուրջ 700 միլիոն ձու և 8 հազար տոննա թռչնամիս, ապա ինչպե՞ս հնարավոր կլինի մոտ 700 տոննայի հասնող փետուրները ևս դարձնել պիտանի, մանավանդ, որ դրանք բարենպաստ միջավայրում մի շարք վարակների բնական օջախ են դառնում։
Մի արտասովոր ճանապարհորդություն գիտության աշխարհում, որտեղ Մանեն արտանետված փետուրներին տալիս է նոր արժեք և խթանում գյուղատնտեսության զարգացումը․․․
Սովորաբար փետուրներից ազատվելու համար մարդիկ դրանք կա՛մ այրում են, կա՛մ ենթարկում հիդրոթերմային մշակման։ Սակայն եթե դրանք այրելիս մթնոլորտն աղտոտվում է թունավոր գազերով, ապա հիդրոթերմային մշակման ժամանակ բարձր ջերմաստիճանային պայմաններում փետուրները ենթարկվում են այնպիսի մշակման, որ առկա հիմնական ամինաթթուները քայքայվում են։ Իսկ երբ այդ ամինաթթուներն օգտագործվում են անասնակերերում, նվազում է վերջիններիս սննդային արժեքը։
«Հասկանալով, որ փետուրների մշակման ներկայիս մեթոդների կիրառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կենսաապահով միջավայրի ստեղծման գործում, որոշեցի կատարել այնպիսի ուսումնասիրություններ, որոնց շնորհիվ թափոնները կունենան օգտավետ նշանակություն. հետազոտությունները ցույց են տվել, որ նման արդյունքի հնարավոր է հասնել կենսաբանական եղանակով»,- ասում է Մանեն և հավելում. «Թերմոֆիլ մանրէների կիրառությամբ հնարավոր է ստանալ այնպիսի արժեքավոր ամինաթթուներ, որոնք կկարողանան պահպանել իրենց կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշները և, օգտագործվելով անասնակերերում՝ ունակ կլինեն բարելավելու հավերի, մանր և խոշոր եղջերավոր անասունների արտադրողականությունը»։
Իր գաղափարի իրագործման համար Մանեն Հայաստանի 3 երկրաջերմային աղբյուրներից՝ Քարվաճառից, Արզականից, Զուարից շուրջ երկու տասնյակ մանրէներ է դրել կիրառության մեջ։ Մանրէներից չորսը դրսևորել են փետուրը քայքայող ակտիվություն, որոնք նույնականացվել են որպես «Bacillus» և «Thermobacillus» ցեղերի տեսակներ: Քայքայման արդյունավետությունը բարձրացնելու համար կատարվել է փետուրի նախնական հիմնային և թթվային մշակում։ Նախնական հիմնային մշակման ժամանակ աերոբ կուտակիչ կուլտուրայում փետուրը քայքայվել է 48 ժամում, թթվային մշակման ժամանակ՝ 62 ժամում, իսկ առհասարակ չմշակված փետուրը քայքայվել է 96 ժամում։
«Վերջին ամիսներին փորձ եմ արել Որոտանի, Ջերմուկի, Ույծի, Հանքավանի, Տաթևի երկրաջերմային աղբյուրներում գտնելու ավելի մեծ կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող շտամներ, որոնք հետագայում հնարավորություն կտան փետուրը քայքայելու ավելի կարճ ժամանակում»,- վստահեցնում է Մանեն։
Նրա խոսքով՝ իր կատարած հետազոտության առավելություններից է նաև այն, որ ապագայում այս աշխատանքներում ներգրավվելու են մի շարք համայնքներ և արտադրության համար դառնալու են հումքի մատակարար։
Ըստ Մանեի՝ սա տնային տնտեսությունների համար արտադրական գործընթացում ներգրավվելու լավ հնարավորություն է, որի շնորհիվ համայնքներում կզարգանա նաև շրջանաձև տնտեսությունը։ Վերջինս ենթադրում է, որ վերամշակող արդյունաբերությունից ստացվող արտադրանքը մի կողմից նպաստելու է մեր երկրի տնտեսության զարգացմանը, մյուս կողմից՝ թափոնների օգտագործմամբ նվազելու է բնական ռեսուրսների ծախսը։
Նշենք, որ Մանեն թափոնից արժեքավոր նյութերի ստացման իր նախագիծը ներկայացրել է «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրին և հաղթող ճանաչվել: