February 21, 2024 | 11:27
Education
International cooperation
Student
International cooperation of YSU creates opportunity to continue education abroad
Within the framework of cooperation between YSU and Kuwait University, Laura Sekoyan, a 4th-year undergraduate student of the "Arab Studies" educational program at the Faculty of Oriental Studies, continues her education at Kuwait University. In the interview with us, the student talked about continuing education abroad and using, enhancing and developing the knowledge gained at YSU.
Մինչև կհասնեինք Քուվեյթի համալսարան
Երբ ընդունվեցի ԵՊՀ «Արաբագիտություն» կրթական ծրագրով սովորելու, ծանոթացա համալսարանի ընձեռած հնարավորություններին։ Ամենագրավիչն ինձ համար արաբական երկրներից մեկում ուսումը շարունակելու հնարավորությունն էր: Արևելքին ու արաբական մշակույթին մոտ լինելը, ընտրածս մասնագիտության լեզուն լեզվակիրների միջավայրում յուրացնելը դարձան նպատակակետ: Այնուհետև ծանոթացա ծրագրի մանրամասներին՝ տեղեկանալով, որ յուրաքանչյուր տարի 8 ուսանող հնարավորություն է ստանում կրթությունը շարունակելու Քուվեյթի համալսարանում։ Որոշեցի, որ այս տարի նրանցից մեկը պետք է լինեմ ես: Չնայած փաստաթղթային գործընթացը բավականին երկար էր, ու մենք երբեմն հոգնում էինք, սակայն մշտապես զգում էինք ԵՊՀ հարազատ դասախոսների, կուրսընկերների աջակցությունը, ինչը թույլ չէր տալիս թևաթափ լինել: Եվ, ի վերջո, բուհ ընդունվելուց չորս տարի անց ես արդեն Քուվեյթի համալսարանում եմ, ինչը համարում եմ կյանքիս լավագույն ձեռքբերումներից մեկը: Այս ամենում, անշուշտ, անգնահատելի են ԵՊՀ-ի տրամադրած գիտելիքներն ու ընձեռած լայն հնարավորությունները:
Քուվեյթի համալսարանում
Այժմ կրթությունս շարունակում եմ Քուվեյթի համալսարանի լեզուների կենտրոնում, ուսումնասիրում եմ գրական գրավոր և բանավոր արաբերեն, իսկ ամառային ամիսներին կուսումնասիրեմ նաև գրականություն, արաբական տարբեր երկրների և իսլամի պատմություն։
Այստեղ դասախոսները լեզվակիրներ են, և դասի ընթացքում բոլոր քննարկումներն արաբերենով են, ինչը մեծապես նպաստում է մեր գիտելիքների ու կարողությունների բարելավմանը։ Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ում ստացած հիմնավոր և բազմակողմանի կրթության շնորհիվ ուսումն արտերկրում հեշտ ու սահուն է, չունենք լեզուն հասկանալու, հաղորդակցվելու, մասնագիտական գրականություն ընթերցելու խնդիրներ: Քուվեյթի համալսարանում հնարավորություն ենք ստանում ոչ միայն խորապես ուսումնասիրելու արաբական մշակույթն ու կրոնը, այլև տարբեր երկրներից եկած ուսանողների շնորհիվ ծանոթանալու այդ երկրների մշակութային առանձնահատկություններին, զարգացնելու աշխարհաճանաչողությունն ու մտահորիզոնը: Դառնում ենք համարձակ, օբյեկտիվորեն գնահատում մեր կարողությունները ու լրացնում մասնագիտական բացթողումները։
Բոլոր ուսանողներին, որոնք ուզում են կրթությունը շարունակել արտերկրում
Արտերկրում կրթությունը շարունակելու գաղափարը շատերի երազանքներից է: Այն ուսանողները, որոնք ուզում են ուսումը շարունակելու նպատակով մեկնել որևէ օտար երկիր, պետք է պատրաստ լինեն անձնական հարմարավետության գոտուց դուրս գալուն, նոր իրականության հետ բախումին և այդ նորությունները հանուն մասնագիտական լավագույն շահի ծառայեցնելուն: Մինչև որևէ օտար երկիր մեկնելը, անհրաժեշտ է հնարավորինս լավ ուսումնասիրել այն, ծանոթանալ մշակույթին, սովորույթներին, հնարավոր խնդիրներին: Արտերկրում կրթություն ստանալով՝ դառնում ես ավելի համարձակ, զարգացնում լեզվական կարողություններդ, վերազինվում նոր գիտելիքով և գաղափարներով, վերադառնում ապագայի կայուն տեսլականով: Վստահ եմ, որ այս ամենը խիստ կարևոր է և պետք է ծառայի հարազատ համալսարանիս ու երկրիս կայուն զարգացմանը: