- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ միջազգային գործակցությունը՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություն
Փետրվար 21, 2024 | 11:27
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՊՀ միջազգային գործակցությունը՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություն
ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի գործակցության շրջանակում Արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Լաուրա Սեկոյանը կրթությունը շարունակում է Քուվեյթի համալսարանում: Արտերկրում կրթությունը շարունակելու, ԵՊՀ-ում ստացած գիտելիքները կիրառելու, ամրապնդելու և զարգացնելու մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց ուսանողը:
Մինչև կհասնեինք Քուվեյթի համալսարան
Երբ ընդունվեցի ԵՊՀ «Արաբագիտություն» կրթական ծրագրով սովորելու, ծանոթացա համալսարանի ընձեռած հնարավորություններին։ Ամենագրավիչն ինձ համար արաբական երկրներից մեկում ուսումը շարունակելու հնարավորությունն էր: Արևելքին ու արաբական մշակույթին մոտ լինելը, ընտրածս մասնագիտության լեզուն լեզվակիրների միջավայրում յուրացնելը դարձան նպատակակետ: Այնուհետև ծանոթացա ծրագրի մանրամասներին՝ տեղեկանալով, որ յուրաքանչյուր տարի 8 ուսանող հնարավորություն է ստանում կրթությունը շարունակելու Քուվեյթի համալսարանում։ Որոշեցի, որ այս տարի նրանցից մեկը պետք է լինեմ ես: Չնայած փաստաթղթային գործընթացը բավականին երկար էր, ու մենք երբեմն հոգնում էինք, սակայն մշտապես զգում էինք ԵՊՀ հարազատ դասախոսների, կուրսընկերների աջակցությունը, ինչը թույլ չէր տալիս թևաթափ լինել: Եվ, ի վերջո, բուհ ընդունվելուց չորս տարի անց ես արդեն Քուվեյթի համալսարանում եմ, ինչը համարում եմ կյանքիս լավագույն ձեռքբերումներից մեկը: Այս ամենում, անշուշտ, անգնահատելի են ԵՊՀ-ի տրամադրած գիտելիքներն ու ընձեռած լայն հնարավորությունները:
Քուվեյթի համալսարանում
Այժմ կրթությունս շարունակում եմ Քուվեյթի համալսարանի լեզուների կենտրոնում, ուսումնասիրում եմ գրական գրավոր և բանավոր արաբերեն, իսկ ամառային ամիսներին կուսումնասիրեմ նաև գրականություն, արաբական տարբեր երկրների և իսլամի պատմություն։
Այստեղ դասախոսները լեզվակիրներ են, և դասի ընթացքում բոլոր քննարկումներն արաբերենով են, ինչը մեծապես նպաստում է մեր գիտելիքների ու կարողությունների բարելավմանը։ Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ում ստացած հիմնավոր և բազմակողմանի կրթության շնորհիվ ուսումն արտերկրում հեշտ ու սահուն է, չունենք լեզուն հասկանալու, հաղորդակցվելու, մասնագիտական գրականություն ընթերցելու խնդիրներ: Քուվեյթի համալսարանում հնարավորություն ենք ստանում ոչ միայն խորապես ուսումնասիրելու արաբական մշակույթն ու կրոնը, այլև տարբեր երկրներից եկած ուսանողների շնորհիվ ծանոթանալու այդ երկրների մշակութային առանձնահատկություններին, զարգացնելու աշխարհաճանաչողությունն ու մտահորիզոնը: Դառնում ենք համարձակ, օբյեկտիվորեն գնահատում մեր կարողությունները ու լրացնում մասնագիտական բացթողումները։
Բոլոր ուսանողներին, որոնք ուզում են կրթությունը շարունակել արտերկրում
Արտերկրում կրթությունը շարունակելու գաղափարը շատերի երազանքներից է: Այն ուսանողները, որոնք ուզում են ուսումը շարունակելու նպատակով մեկնել որևէ օտար երկիր, պետք է պատրաստ լինեն անձնական հարմարավետության գոտուց դուրս գալուն, նոր իրականության հետ բախումին և այդ նորությունները հանուն մասնագիտական լավագույն շահի ծառայեցնելուն: Մինչև որևէ օտար երկիր մեկնելը, անհրաժեշտ է հնարավորինս լավ ուսումնասիրել այն, ծանոթանալ մշակույթին, սովորույթներին, հնարավոր խնդիրներին: Արտերկրում կրթություն ստանալով՝ դառնում ես ավելի համարձակ, զարգացնում լեզվական կարողություններդ, վերազինվում նոր գիտելիքով և գաղափարներով, վերադառնում ապագայի կայուն տեսլականով: Վստահ եմ, որ այս ամենը խիստ կարևոր է և պետք է ծառայի հարազատ համալսարանիս ու երկրիս կայուն զարգացմանը: