March 25, 2024 | 16:52
Education
Research
Student
Adult learning and education at the core of conference
The conference titled "Marrakesh 2022–Yerevan 2023/2024: Global and Local Trends of Adult Learning and Education" was held at YSU, summarizing the program launched in 2023, which aimed to consider the opportunities and problems of adult education.
Ծրագրի շրջանակում հավանության և պարգևների արժանացած հետազոտական հինգ խմբեր համաժողովին ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների մասին պատմող զեկուցումներ։
Խոսելով մեծահասակների ուսումնառության կարևորության և ԵՊՀ միջավայրի, ընձեռած հնարավորությունների մասին՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ մեծահասակների կրթության համաչափ կազմակերպման հարցում վճռորոշ դեր ունեն և՛ ոչ ֆորմալ կրթական հաստատությունները, և՛ ակադեմիական կրթություն ապահովող բարձրագույն ուսումնական հաստատությունները:
«Օր օրի կրթության տարբեր ձևերի միջև սահմաններն ավելի են մոտենում, ինտեգրվում իրար: Մենք ֆորմալ կրթական միջավայրում էլ շատ հաճախ կիրառում ենք ոչ ֆորմալ կրթության տարբեր մեթոդներ՝ փորձելով երկու մեթոդները ծառայեցնել միմյանց»,- ասաց Միքայել Հովհաննիսյանը՝ հավելելով, որ համալսարանը մեծ դեր ունի տեղեկության ինտենսիվ հոսքերի համատեքստում սովորելու, ձևափոխելու և կիրառելու կրթական տարբեր մեթոդները՝ ուսուցման գործընթացը դարձնելով արդյունավետ: Այս տեսանկյունից նա կարևորեց ԵՊՀ ՇԿԿ-ի գործունեությունը, որը, ի թիվս այլ գործառույթների, մշտապես աջակցում է կրթական տարբեր մեթոդների մշակմանն ու ներկայացմանը, զանազան ծրագրերի անցկացմանը:
Պրոռեկտորն ասաց նաև, որ համալսարանը հարմար հարթակ է, քանի որ անընդհատ սնվում է ֆորմալ կրթության մակարդակում արտադրվող և ձևավորվող գիտելիքներից և այդպիսով էլ կարող է օգտակար լինել նոր մեթոդների, կրթական նոր բովանդակության արտադրման և փորձարկման տեսանկյունից։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը նշեց, որ մշտապես և տարբեր մեթոդներով կրթությունն ունի զգալի, բազմակողմ արդյունքներ թե՛ անհատական, թե՛ սոցիալական մակարդակներում:
«Անհատը միայն շարունակաբար կրթվելով կարող է գրանցել հաջողություններ՝ թե՛ տնտեսական, թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական համատեքստում: Առանց մշտական կրթության՝ հնարավոր չէ լինել ակտիվ քաղաքացի: Այս առումով կարևոր ենք համարում տարբեր ծրագրերի իրականացումն ու մեծահասակների կրթությանն առնչվող հարցերը մշտապես դիտարկման առանցքում պահելը»,- ասաց Լուսինե Խառատյանը:
ԵՊՀ-ի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» գործակցությունն արդեն մի քանի տարիների պատմություն ունի: Մեկ այլ ծրագրի շրջանակում կատարվել է ԵՊՀ դասախոսների վերապատրաստում՝ ոչ ֆորմալ կրթության գործիքների, մեթոդների վերաբերյալ:
«Կարևոր ենք համարում, որ բուհի դասախոսները և ուսանողները տեղյակ լինեն կրթության այլընտրանքային մեթոդների, մեծահասակների ուսումնառության խնդիրների ու մարտահրավերների մասին, քանի որ այսօրվա երիտասարդները վաղվա մեծահասակ ուսումնառուներն են, և դիտարկված հարցերը վերաբերում են նաև հենց իրենց»,- ընդգծեց «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը:
«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը նշեց, որ մեծահասակների կրթությունը՝ որպես գիտակից հասարակարգի ձևավորման պայման, ուշադրության առանցքում է ամբողջ աշխարհում՝ շեշտելով, որ տարածաշրջանային նմանօրինակ ծրագրերի իրականացումը չափազանց կարևոր է զարգացող աշխարհին համընթաց շարժվելու համար:
Մեծահասակների կրթության համատեքստում առաջ եկած խնդիրների մասին բանախոսություններով հանդես եկան նաև կրթության այլընտրանքային տարբերակների ներկայացուցիչներ՝ «Բուն TV»-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը, «Գիտարբուք» նախաձեռնության հիմնադիր Սևակ Մամյանը և «Անգլերեն Սոնայի հետ» բլոգի հիմնադիր Սոնա Փարեմուզյանը:
Համաժողովի վերջում հետազոտական թիմերի ներկայացուցիչները ստացան խրախուսական նվերներ, իսկ երկու թիմ պարգևատրվեց նաև շնորհակալագրերով՝ ըստ ժյուրիի և մասնակիցների գնահատման արդյունքների:
Հավելենք, որ համաժողովը դեռևս 2023 թ․ ԵՊՀ շրջանակում հայտարարված հետազոտական աշխատանքների մրցույթի ամփոփիչ միջոցառումն էր։ Նախաձեռնության նպատակն էր ուսանողների, դասախոսների և հանրության լայն շրջանում հանրահռչակել «Մարաքեշի գործողությունների շրջանակ» փաստաթուղթը, որը սահմանում է մեծահասակների ուսումնառության և կրթության ոլորտի գերակայությունները: Կատարված հետազոտությունների միջոցով դասախոսներից և ուսանողներից կազմված 5 հետազոտական թիմերը դիտարկել են մեծահասակների կրթությանն առնչվող կարևոր հարցեր ՀՀ համատեքստում։
Ծրագիրը կյանքի է կոչվել 2022 թ. «Մեծահասակների կրթության 7-րդ միջազգային համաժողով»-ում՝ համաձայն «Մարաքեշի գործողությունների շրջանակի», ըստ որի՝ ավելի քան 140 երկրների ներկայացուցիչներ պետք է քայլեր կատարեն մեծահասակների ներգրավվածությունն ուսուցման գործընթացում մեծացնելու և նրանց կրթության ոլորտում ներդրումներն ավելացնելու ուղղություններով: