March 29, 2024 | 16:15
Events
Culture
Student
Event at YSU: National and Spiritual Sacraments of the Holy Resurrection
At the initiative of the Chair of Archeology and Ethnography of the YSU Faculty of History, an event dedicated to the Holy Resurrection was organized, within the framework of which games dedicated to the holiday were held, national songs and dances were taught.
Տոնի հոգևոր խորհրդի և բովանդակության մասին բանախոսություն ներկայացրեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մատաթիա քահանա Գասպարյանը։
Ուսանողները պատմեցին տոնի ազգագրական և կրոնական խորհուրդների մասին՝ ներկայացնելով հայ ժողովրդի ավանդույթները:
Ծաղկազարդի տոնից հետո սկսված Մեծ պահքի վերջին՝ Ավագ շաբաթը հայ ժողովուրդը տոնել է հայտնի ու անհայտ բազում սովորույթներով: Օրինակ՝ ուրբաթ օրը դարբինները պատրաստել են մատանիներ՝ հավատով, որ նրանց կրողները՝ հատկապես մանկահասակ աղջիկները, կպաշտպանվեն քաջքերից և չար ուժերից: Բացի դարբիններից՝ նաև մեծ դերակատարում են ունեցել կանայք, որոնք ուրբաթ օրը գնացել են բանջար հավաքելու: Նրանք հավատում էին, որ ամեն անգամ դանակը հողը մտցնելիս և հանելիս հանում էին Հուդայի աչքը կամ նրան ցավեցնում՝ վերացնելով չար աչքը: Այդ օրը նաև արգելվում էր փայտ կտրել, հող փորել՝ հավատալով, որ այդպիսով կարող են քանդել Հիսուս Քրիստոսի գերեզմանը, ինչպես նաև չէր կարելի փայտ տաշել, քանի որ այն նույնականացվում էր Հիսուս Քրիստոսի խաչափայտը տաշելու հետ: Չէր կարելի նաև հող վարել, լվացք անել, ցորեն բովել և այլն:
Մարդիկ նաև հավատում էին, որ Զատկի կամ Սբ. Հարության տոնի օրը բախտ են բաժանում՝ ջանալով այդ օրը չքնել: Փոխարենը ողջ գիշեր երգում էին զատկական երգեր, պարում ազգագրական պարեր: Գիշերվա եռուզեռից հետո էլ մարդիկ սպասել են արևածագին՝ երկնքում տեսնելու Սբ. Հարությունն ավետող նշան: Իսկ հետո արդեն՝ կիրակի օրը, զատկական սեղանները զարդարվել են կարմիր ներկված ձվերով և անցկացվել ձվախաղեր:
Եթե այժմ ձվախաղի միայն մեկ տարբերակ կարելի է հիշել՝ ձուն կոտրել խաղընկերոջ հետ խաղի ժամանակ, ապա հնում, օրինակ, կարելի էր հաղթանակի հասնել նաև ձուն ավելի երկար սեղանին պտտեցնելու միջոցով:
Հիշված ավանդույթներից այսօր միայն ձվախաղն է մնացել:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը, խոսելով ազգագրական ավանդույթների մասին, նշեց, որ դրանք հիշելը խիստ կարևոր է՝ հավելելով, որ Սբ. Հարության տոնին նվիրված միջոցառումը կազմակերպվել է ազգային սովորույթների մասին ուսանողների գիտելիքները հարստացնելու, ազգային մշակույթը ամբողջապես ընկալելու նպատակով:
«Ինչքան էլ մեզ թվում է, որ հայ ժողովրդական տոները մեր կյանքի և էության մասն են ու մեզ քաջ հայտնի են, այնուամենայնիվ կան բազում տեղեկություններ, որոնց մասին շատերը չգիտեն կամ չկիրառելու պատճառով մոռացել են: Նմանօրինակ միջոցառումներն օգնում են ազգային տոներն ու սովորույթներն ավելի լավ ճանաչելուն, մեր ակունքներին ավելի մոտ լինելուն»,- ասաց ազգագրագետը:
Հավելենք, որ Մեծ պահքի վերջին շաբաթն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ժամանակ հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը։ Ավագ շաբաթվա բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ երկուշաբթի, Ավագ երեքշաբթի, և այլն)։