April 03, 2024 | 14:15
Science
Infrastructure
Education
Renovation and re-equipment of YSU laboratories as stimulus for development of scientific and educational life
With the purpose of continuously improving the field of education and science, creating a conducive and innovative environment for research, YSU takes practical steps towards renovating, furnishing and replenishing laboratories with necessary equipment.
Հիմնովին վերանորոգվել են ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի հինգ լաբորատորիաներ: Կենտրոնի ևս չորս լաբորատորիաներ վերանորոգվել են 2021-2022 թթ․:
Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի՝ 2023 թ․ կարևոր ձեռքբերումներից էր ԵՊՀ ֆինանսավորմամբ կառուցված մոդուլյար ISO-7 դասի «մաքուր սենյակը»: Պանելային «մաքուր սենյակների» առկայությունը չափազանց կարևոր է նանոտեխնոլոգիաներով զբաղվող գիտական կենտրոնների համար, քանի որ նանոկառուցվածքների, նանոչափերի բարակ թաղանթների և դրանց հիման վրա կառուցված գերճշգրիտ աշխատող սարքավորումների պատրաստման ժամանակ անգամ մեկ միկրո կամ նանոչափեր ունեցող փոշեհատիկը կարող է խաթարել սարքավորման ամբողջ կառուցվածքը և աշխատանքը:
Օդի մաքրությունը ISO-7 դասի մոդուլյար «մաքուր սենյակներում» ապահովվում է երեք գերհզոր օդազտման համակարգերով, իսկ մաքրության ու օդի որակի մշտական վերահսկումը կատարվում է սենյակին կցված սենսորային համակարգերով: Սենյակի լիարժեք մաքրությունն ապահովելու համար կպատրաստվեն նաև հատուկ նախասրահներ:
Մոտ ապագայում նախատեսվում է «մաքուր սենյակը» համալրել նաև հատուկ լաբորատոր կահույքով և տեղադրել նանոթաղանթների ստացման՝ պուլսային լազերային նստեցման (PLD) կայանք՝ հնարավորություն ստեղծելով նանոթաղանթներն աճեցնելու գերմաքուր միջավայրում, որոնք կարող են հետագայում ծառայել որպես սենսորներ, օպտիկական սարքավորումներ և այլն:
Վերոնշյալ սարքավորումը ձեռք կբերվի ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության» մրցույթի շրջանակում:
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը 2023 թ․ մասնակցել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած երեք դրամաշնորհային մրցույթի և հաղթող ճանաչվել՝ հնարավորություն ստանալով ձեռք բերելու հինգ խոշորագույն սարքավորումներ, որոնք նոր որակ կհաղորդեն լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին: