July 24, 2024 | 12:29
Volunteering, practice and internship
Education
Student life
YSU students’ internship at Zangezur Copper Molybdenum Combine
The YSU Faculty of Geography and Geology annually organizes educational internships for students in various provinces of Armenia. This year, the internship took place at the Zangezur Copper Molybdenum Combine in Syunik Province.
ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում ԶՊՄԿ-ն ապահովեց «Երկրաբանություն» և «Աշխարհագրություն» կրթական ծրագրերի 2-րդ կուրսի ուսանողների ուսումնաարտադրական 14-օրյա պրակտիկաների ֆինանսական, ներքին լոգիստիկ և կազմակերպչական հարցերը:
Պրակտիկաների ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին մարզի աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկությունները:
ԶՊՄԿ տեխնիկական գծով տնօրեն Ա. Վարդանյանի և համապատասխան մասնագետների աջակցությամբ ուսանողները ծանոթացան հանքարդյունաբերության աշխատանքային գործընթացին. երկրաբան ուսանողներն այցելեցին բացահանք, հարստացուցիչ ֆաբրիկա, հանքաքարի կորզման արտադրամաս, որտեղ ծանոթացան հետախույզ-երկրաբանի աշխատանքային գործունեությանը, ականատես եղան հանքաքարի կորզման ու ջարդման, խտանյութի ստացման գործընթացներին: Ուսանողները ծանոթացան նաև հանքավայրի մոդելավորման, պայթեցման նախագծերի կազմման, հորատանցքերի կոորդինատների գրանցման, հանույթի ծավալների հաշվարկման համակարգչային ծրագրերին:
ԶՊՄԿ–ի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի պայմանավորվածության համաձայն՝ ուսանողներն այցելեցին Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի Հյուսիսային տեղամաս և հետևեցին փակ հանքի շահագործման գործընթացին, տեսան երակային հանքաքարը բնական տեղադրման պայմաններում:
Ուսանողները ծանոթացան նաև Արծվանիկի պոչամբարի ջրահեռացման ենթակառուցվածքներին, տնկարանի հատուկ աճեցվող ծառատեսակներին, որոնք հետագայում կօգտագործվեն պոչամբարի ռեկուլտիվացիոն աշխատանքների ժամանակ: Որոնման երկրաֆիզիկական մեթոդների կիրառումը Սյունիքի հանքային դաշտում կատարվեց ԶՊՄԿ-ի համապատասխան մասնագետի խորհրդատվությամբ և աջակցությամբ ինչպես Գեղիի ջրամբարի տարածքում, այնպես էլ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի մերձակա տարածքներում:
«Աշխարհագրություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները ևս ունեցան հագեցած ուսումնաարտադրական պրակտիկա՝ այցելելով Գեղիի ջրամբարի հարակից տարածք, գ. Ողջիի և գ. Քաջարանցի միացման տարածք, Տաթև, Շամբի ջրամբար, Շաքիի ջրվեժ, Խնձորեսկ, ինչպես նաև ք. Մեղրիի Արաքս գետի ավազան: Իրենց պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան Սյունիքի տարածաշրջանի լանդշաֆտների ձևավորման առանձնահատկություններին, կենսաբազմազանության տարածման օրինաչափություններին: Կապան քաղաքի գ. Ողջիի ջրաչափական դիտակետում կատարեցին ջրի մակարդակի, արագության, ջերմաստիճանի չափումներ:
Ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. թեկ., դոցենտ Ս. Քելյանը, կարևորելով ուսանողների ուսումնաարտադրական փորձը, ընդգծեց՝ նմանօրինակ պրակտիկաները պետք է շարունակական լինեն, քանի որ ուսանողները հնարավորություն են ունենում տեսական գիտելիքները օգտագործելու պրակտիկ միջավայրում և շփվելու ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Խոսելով պրակտիկայի մասին՝ «Երկրաբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Ալեն Հովհաննիսյանը նշեց, որ պրակտիկան երկրաբանի մասնագիտության արժեքը և բուն էությունը հասկանալու հնարավորություն էր:
ՌԴ-ից ՀՀ սովորելու եկած ապագա երկրաբան Տիգրան Պողոսյանի համար տպավորիչ էր հատկապես հանքավայրի մեծությունը։ Նա կարևորեց համալսարանում ստացած տեսական գիտելիքների գործնական կիրառումը: Տեսնելով հանքի աշխատանքները՝ նա հստակ կողմնորոշվեց ապագա մասնագիտացման հարցում։
«Աշխարհագրություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Սարգսյանն էլ ընդգծեց. «Պրակտիկան ուներ բարձր արդյունավետություն, սակայն կառանձնացնեմ հատկապես մասնագետի ցուցումներով, հատուկ գործիքակազմի օգնությամբ «Ջրաբանություն» առարկայի շրջանակում կատարված ջրաչափական աշխատանքները»:
Քրիստինեն կարևորեց նաև դաշտային պայմաններում աշխատանքների կազմակերպումն ու այդ ուղղությամբ հետագա վերլուծությունների կատարումը: