- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ուսանողների պրակտիկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Հուլիս 24, 2024 | 12:29
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կրթություն
Ուսանողական կյանք
ԵՊՀ ուսանողների պրակտիկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկաները յուրաքանչյուր տարի կազմակերպում է ՀՀ տարբեր մարզերում։ Այս տարի այն կազմակերպվեց Սյունիքի մարզի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ):
ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում ԶՊՄԿ-ն ապահովեց «Երկրաբանություն» և «Աշխարհագրություն» կրթական ծրագրերի 2-րդ կուրսի ուսանողների ուսումնաարտադրական 14-օրյա պրակտիկաների ֆինանսական, ներքին լոգիստիկ և կազմակերպչական հարցերը:
Պրակտիկաների ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին մարզի աշխարհագրական և երկրաբանական առանձնահատկությունները:
ԶՊՄԿ տեխնիկական գծով տնօրեն Ա. Վարդանյանի և համապատասխան մասնագետների աջակցությամբ ուսանողները ծանոթացան հանքարդյունաբերության աշխատանքային գործընթացին. երկրաբան ուսանողներն այցելեցին բացահանք, հարստացուցիչ ֆաբրիկա, հանքաքարի կորզման արտադրամաս, որտեղ ծանոթացան հետախույզ-երկրաբանի աշխատանքային գործունեությանը, ականատես եղան հանքաքարի կորզման ու ջարդման, խտանյութի ստացման գործընթացներին: Ուսանողները ծանոթացան նաև հանքավայրի մոդելավորման, պայթեցման նախագծերի կազմման, հորատանցքերի կոորդինատների գրանցման, հանույթի ծավալների հաշվարկման համակարգչային ծրագրերին:
ԶՊՄԿ–ի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի պայմանավորվածության համաձայն՝ ուսանողներն այցելեցին Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի Հյուսիսային տեղամաս և հետևեցին փակ հանքի շահագործման գործընթացին, տեսան երակային հանքաքարը բնական տեղադրման պայմաններում:
Ուսանողները ծանոթացան նաև Արծվանիկի պոչամբարի ջրահեռացման ենթակառուցվածքներին, տնկարանի հատուկ աճեցվող ծառատեսակներին, որոնք հետագայում կօգտագործվեն պոչամբարի ռեկուլտիվացիոն աշխատանքների ժամանակ: Որոնման երկրաֆիզիկական մեթոդների կիրառումը Սյունիքի հանքային դաշտում կատարվեց ԶՊՄԿ-ի համապատասխան մասնագետի խորհրդատվությամբ և աջակցությամբ ինչպես Գեղիի ջրամբարի տարածքում, այնպես էլ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի մերձակա տարածքներում:
«Աշխարհագրություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները ևս ունեցան հագեցած ուսումնաարտադրական պրակտիկա՝ այցելելով Գեղիի ջրամբարի հարակից տարածք, գ. Ողջիի և գ. Քաջարանցի միացման տարածք, Տաթև, Շամբի ջրամբար, Շաքիի ջրվեժ, Խնձորեսկ, ինչպես նաև ք. Մեղրիի Արաքս գետի ավազան: Իրենց պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան Սյունիքի տարածաշրջանի լանդշաֆտների ձևավորման առանձնահատկություններին, կենսաբազմազանության տարածման օրինաչափություններին: Կապան քաղաքի գ. Ողջիի ջրաչափական դիտակետում կատարեցին ջրի մակարդակի, արագության, ջերմաստիճանի չափումներ:
Ֆակուլտետի դեկան, տեխ. գիտ. թեկ., դոցենտ Ս. Քելյանը, կարևորելով ուսանողների ուսումնաարտադրական փորձը, ընդգծեց՝ նմանօրինակ պրակտիկաները պետք է շարունակական լինեն, քանի որ ուսանողները հնարավորություն են ունենում տեսական գիտելիքները օգտագործելու պրակտիկ միջավայրում և շփվելու ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Խոսելով պրակտիկայի մասին՝ «Երկրաբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Ալեն Հովհաննիսյանը նշեց, որ պրակտիկան երկրաբանի մասնագիտության արժեքը և բուն էությունը հասկանալու հնարավորություն էր:
ՌԴ-ից ՀՀ սովորելու եկած ապագա երկրաբան Տիգրան Պողոսյանի համար տպավորիչ էր հատկապես հանքավայրի մեծությունը։ Նա կարևորեց համալսարանում ստացած տեսական գիտելիքների գործնական կիրառումը: Տեսնելով հանքի աշխատանքները՝ նա հստակ կողմնորոշվեց ապագա մասնագիտացման հարցում։
«Աշխարհագրություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Սարգսյանն էլ ընդգծեց. «Պրակտիկան ուներ բարձր արդյունավետություն, սակայն կառանձնացնեմ հատկապես մասնագետի ցուցումներով, հատուկ գործիքակազմի օգնությամբ «Ջրաբանություն» առարկայի շրջանակում կատարված ջրաչափական աշխատանքները»:
Քրիստինեն կարևորեց նաև դաշտային պայմաններում աշխատանքների կազմակերպումն ու այդ ուղղությամբ հետագա վերլուծությունների կատարումը: