November 06, 2024 | 16:58
Science
Conferences
Valuing literary heritage of Paruyr Sevak: Jubilee conference held at YSU
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը, որի նպատակն էր ներկայացնել Պարույր Սևակի գրական հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ընդգծել նրա ներդրումը մշակութային կյանքում։
Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի մեկնարկը տրվեց նոյեմբերի 5-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում։ Իսկ այսօր գիտաժողովը շարունակվեց Երևանի պետական համալսարանում։ Հանրապետական գիտաժողովի համակազմակերպիչներն են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը և Պարույր Սևակի տուն-թանգարանը:
Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց գիտական համայնքին քննարկելու Պարույր Սևակի գրական հարուստ ժառանգությունը և այն նորովի մեկնաբանելու, անդրադառնալու նրա ստեղծագործության եզակիությանը, նշանակությանը և ազդեցությանը։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվող գիտաժողովին սևակյան ժառանգությունն արժևորեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Մինչ օրս մեր սեղաններին են ոչ միայն տաղանդավոր բանաստեղծի հրաշալի քերթվածները, այլև նրբաճաշակ գրականագետի գիտական հոդվածներն ու գրականության տարբեր շրջափուլերին վերաբերող խիստ արժեքավոր ուսումնասիրությունները։ Ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ նաև արձանագրել, որ ԵՊՀ-ն տասնամյակներ շարունակ զբաղվել է Պարույր Սևակի ժառանգության հետազոտությամբ և դասավանդմամբ։ Հենց Հայ բանասիրության ֆակուլտետում են հրատարակվել նրան նվիրված մի շարք մենագրություններ և տասնյակ հոդվածներ։ Կարծում եմ, որ այս գործը կլինի շարունակական մեր նոր սերնդի, ուսանողների և դասախոսների ջանքերով»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը շեշտեց, որ գիտաժողովը հոբելյանական է բոլորի համար, և Սևակին նվիրված միջոցառումները սկսել են դեռ տարեսկզբից։
«Երևանի պետական համալսարանը Պարույր Սևակի համար հարազատ վայր էր․ նա եղել է մայր բուհի սանը։ Այսօր մեր ուսանողների ներկայությունը այս միջոցառմանը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք Պարույր Սևակի պատգամներով առաջնորդվելու կարևոր առաքելություն ունենք։ Գրողի մահվանից հետո նրա ամբողջ գրական ժառանգությունը մինչև օրս էլ ուսումնասիրվում և ներկայացվում է բանասեր հանրությանը․ դա վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը գնահատում է իր հանճարեղ զավակին»,- ընդգծեց դեկանը և առաջարկեց նաև մեկ րոպե լռությամբ հարգել Պարույր Սևակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակը, որը եղել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս, դոցենտ։
Գիտաժողովի շրջանակում ՀՀ կրթական և գիտական կառույցների գիտնականները և մասնագետները ներկայացրին շուրջ 4 տասնյակ զեկուցումներ՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի կյանքին, նրա գրական գործունեությանն ու ժառանգությանը։ Երևանի պետական համալսարանում հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները, պրոֆեսորներն ու դոցենտները ներկայացրին 6 զեկուցումներ՝ «Պարույր Սևակի Դանիել Վարուժանը», «Հովհաննես Թումանյանի դիմանկարը՝ ըստ Սևակի», «Կոմիտաս վարդապետը կյանքում և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմում (նախատիպը և կերպարը)», «Բանաստեղծական շարքի սևակյան իմաստավորումը («Եղիցի լույս»)», «Պարույր Սևակի «Ամանեջ» վեպը՝ որպես նարատիվ կառույց», «Պարույր Սևակի կենսագրության ուսուցումը դպրոցում փոխգործուն մեթոդներով»։
Գիտաժողովին ներկայացվող բոլոր զեկուցումները՝ որպես նորօրյա ուսումնասիրություններ, տպագրվելու են առանձին գրքով։ Համալսարանականների զեկուցումները, ըստ Արշալույս Գալստյանի, նախատեսում են հոդվածների տեսքով տպագրել նաև առանձին գրքով՝ հետագայում հնարավորություն ընձեռելով ուսանողներին օգտվելու այդ ուսումնասիրություններից։
Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սևակ Ղազարյանը, որը Պարույր Սևակի թոռն է, նույնպես ողջունեց առանձին գրքի հրատարակման գաղափարը, քանի որ, ըստ նրա, ոչ բոլորն ունեն հնարավորություն՝ այցելելու և լսելու այս զեկուցումները։
«Սևակին նվիրված միջոցառումներ պարբերաբար անցկացվում են, սակայն այս միջոցառումն առանձնանում է իր ընդգրկունությամբ։ Լիահույս եմ, որ այն նոր թափ կտա սևակագիտության զարգացմանը, որն ունի դրա անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր միջոցառում է, և շատ ուրախ եմ, որ հաջողվեց այն կյանքի կոչել»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Խոսելով ներկայում Սևակի գրական ժառանգությամբ երիտասարդների հետաքրքրվածության մասին՝ Սևակ Ղազարյանը նշեց, որ այսօր էլ Պարույր Սևակը շատ ընթերցվող հեղինակ է և նրանով շատերն են հետարքրքրվում։ Այդ մասին վկայում են և՛ սևակյան նոր հրատարակությունների, գրքերի արագ սպառումը, թե՛ սոցցանցերում երիտասարդների կողմից սևակյան մեջբերումները։
Նա հավելեց, որ հոբելյանական տարվա ընթացքում լույս են տեսել Պարույր Սևակի երկու կարևոր գրքերը՝ «100 բանաստեղծություն», «Սևակ-100» խորագրերով։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին գիտական համայնքի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ, որոնք միջոցառմանը դիտեցին նաև սահիկաշար՝ նվիրված Պարույր Սևակի մանկությանը, կյանքին, գործունեությանը։
Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումներն ու նորովի մեկնաբանությունները վկայում են, որ Պարույր Սևակի մտքերը, ստեղծագործություններն ու գաղափարները շարունակում են մնալ արդիական և հարուստ աղբյուր են սերունդների համար:
Հավելենք, որ գիտաժողովը շարունակվելու է նաև նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։