- Main
- Node
- ԵՊՀ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
November 29, 2019 | 17:10
Հասարակություն
ԵՊՀ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Մոսկվայի պետական համալսարանում նոյեմբերի 26-ին մեկնարկել է «Մոսկովյան իրավաբանական 9-րդ շաբաթը», որի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Այցելության ընթացքում երկու համալսարանների իրավագիտության ֆակուլտետների դեկանները ստորագրել են համագործակցության պայմանագիր:
«Մոսկովյան իրավաբանական շաբաթն» ամեն տարի անցկացվող իրադարձություն է, որի ընթացքում տեղի են ունենում գիտաժողովներ և գիտագործնական տարաբնույթ միջոցառումներ:
Այս տարի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ն անցկացվող միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Հանրային իշխանության և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները. հետաքրքրությունների հաշվեկշռի փնտրտուքներ» խորագրով գիտաժողովը, որի բացման արարողությանը Գագիկ Ղազինյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով թեմայի առանցքային դրույթներին և հիմնախնդիրներին:
Ելույթից հետո ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Գոլիչենկովին է հանձնել ԵՊՀ 100-ամյակի առիթով թողարկված հուշամեդալ:
Բացի դրանից՝ միջոցառման շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետների դեկանները ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու և ընդլայնելու երկու կառույցների միջև հաստատված գործակցությունը:
Կնքված պայմանագրի համաձայն՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի, ինչպես նաև նորարարական ու փոխանակման ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր, հրատարակելու են կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութեր:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը պատմեց, որ համագործակցության պայմանագիր կնքելու գաղափարն առաջացել է դեռևս սեպտեմբերին՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Իրավագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում:
«Մեր կողմից կազմակերպված միջազգային գիտաժողովին մասնակցում էին նաև Մոսկվայի պետական համալսարանի սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավագյանը և նույն համալսարանի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական հսկողության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Գոլովկոն: Քննարկումների արդյունքում Ռուսաստանի գործընկերների կողմից առաջարկվել է համագործակցության պայմանագիր կնքել երկու բուհերի իրավագիտության ֆակուլտետների միջև, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպելու այդ գործընթացը»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Նրա փոխանցմամբ, «Մոսկովյան իրավաբանական շաբաթը» հնարավորություն ընձեռեց մեկտեղելու և՛ մասնակցությունը, և՛ համագործակցության պայմանագրի կնքման գործընթացը. «Նախօրոք համաձայնեցվել է պայմանագրի տեքստը, իսկ ահա արդեն այցելության ընթացքում այն իրավական ձևակերպում է ստացել»:
Հուշագրումի ստորագրումից հետո Ալեքսանդր Գոլիչենկովը Գագիկ Ղազինյանին է հանձնել Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի խորհրդանիշներից մեկը՝ Սուրբ Տատյանայի հուշամեդալը, իսկ Գագիկ Ղազինյանը գրառում է կատարել ֆակուլտետի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Իրավագիտության ֆակուլտետը Մոսկվայի պետական համալսարանի ամենահին և ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն է: Այն ունի 16 ամբիոն: Բացի դրանից՝ ֆակուլտետում գործում են ուսումնական լաբորատորիաներ, գիտակրթական կենտրոններ, իրավաբանական կլինիկա (ուսանողական իրավախորհրդատվական կենտրոն): Ֆակուլտետի աշխատողների թիվը մոտ 387 է, որոնցից 244-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են (66 պրոֆեսոր, 112 դոցենտ, ասիստենտներ և դասախոսներ): Ֆակուլտետում ուսումնառություն է անցնում 3.270 ուսանող:
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն իրավագիտության տարբեր ոլորտներում իրականացնում է գիտահետազոտական լայնամասշտաբ աշխատանքներ, նշանակալի ներդրում է ունենում Ռուսաստանի օրենսդրության կատարելագործման գործում, իրավական հարցերով գիտական խորհրդատվություն տրամադրում պետական և միջազգային տարբեր մարմիններին, ինչպես նաև մասնակցում օրինագծերի մշակման գործընթացներին:
Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը փաստեց, որ պայմանագրի ստորագրումը ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագրի միջազգայնացման դրույթի իրականացմանն ուղղված հերթական քայլն է, որը հետագայում բովանդակային շարունակություն կունենա:
Քնար Միսակյան