- Main
- Node
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ԸՍՏ ՀԱՅՏՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԻ. ԱՆՍՈՎՈՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
December 02, 2019 | 15:52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ ԸՍՏ ՀԱՅՏՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՆԵՐԻ. ԱՆՍՈՎՈՐ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել քաղաքական և իրավական ուսմունքների զեկուցումների ներկայացում:
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Տարոն Սիմոնյանի հետ համատեղ նախաձեռնությամբ:
Զեկուցումների առանձնահատկությունն այն էր, որ ուսանողներից յուրաքանչյուրն ընտրել էր հայտնի փիլիսոփաներից մեկին և զեկուցումը ներկայացնում էր նրա անունից:
Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տարոն Սիմոնյանի խոսքով, պետք է ոչ թե ռեցեպցիայի ենթարկել այլ ազգերի և պետությունների ներսում ձևավորված իրավունքի գաղափարը, այլ հակառակը. «Մենք ինքներս պետք է մեզանում այնպիսի իրավունք զարգացնենք, որ այլ ազգերն ընդօրինակեն մեզ: Մենք դրա համար բոլոր նախադրյալներն ունենք»:
Զեկուցումների նպատակն էր, բոլոր ժամանակների լավագույն մտածողների մոտեցումները ներկայացնելով, քննարկել, թե ինչպիսի պետություն և իրավական համակարգ պետք է ձևավորել Հայաստանում 2050 թվականին:
Զեկուցող ուսանողները նախընտրությունը տվել էին հիմնականում անտիկ փիլիսոփաներին՝ Պլատոն, Արիստոտել, Ցիցերոն:
Պետական կառավարման համակարգի վերաբերյալ փիլիսոփաների անունից արված զեկուցումներում ուսանողներն անդրադարձան միապետությանը, կառավարման խառը համակարգին և պատասխանեցին հնչեցված հարցերին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հենրիկ Անտոնյանը ներկայացրեց Ցիցերոնի անունից պետական կառավարման համակարգի մասին զեկուցումը:
Մեր այն հարցին, թե ինչու է ընտրել հենց այդ փիլիսոփային, պատասխանեց, որ իրեն միշտ հետաքրքրել են Ցիցերոնի գաղափարներն ու մտքերը, քանի որ հայտնի փիլիսոփան գտնում էր, որ օրենքները պետք է ստեղծվեն պետական գործիչների կողմից՝ հանուն քաղաքացիների բարօրության և պետության ամբողջականության:
«Ըստ Ցիցերոնի՝ պետք է ստեղծվի այնպիսի պետական համակարգ, որտեղ բոլոր քաղաքացիները կունենան հավասար իրավունքներ ու պարտականություններ, որոնք կկատարեն բարեխղճորեն, իսկ պետական գործիչների կարևորագույն առաջադրանքը կլինի գործել ի շահ ժողովրդի»,- ասաց նա:
Անի Պողոսյան