- Main
- Node
- ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
January 15, 2020 | 15:15
Հասարակություն
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
Լիա Օսիպյանի աշխատանքային ողջ գործունեությունը կապված է Երևանի պետական համալսարանի հետ, որտեղ նա անցել է երկարամյա ճանապարհ՝ լաբորանտից մինչև ամբիոնի վարիչ և ֆակուլտետի դեկան:
Լինելով հայկական սնկաբանական դպրոցի հիմնադիրը՝ Լիա Օսիպյանն այսօր էլ շարունակում է հանրապետությունում սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, ընդլայնում ուսումնասիրվող խմբերի շրջանակը, Հայաստանում փորձարարական սնկաբանության ուղղության հիմնադիրն է:
Գիտնականը Հայաստանում առաջինն է ուսումնասիրել ջրային սնկերը, բարձրլեռնային շրջանների ջրամբարների և ջրատարների սնկերը:
Լ. Օսիպյանի ավելի քան 30 տարվա գիտական գործունեությունը նվիրված է եղել սննդամթերքների և դեղային պատրաստուկների սնկաբանական անվտանգության հարցերին:
Նա Հայաստանում առաջինն էր, որ սկիզբ դրեց մարդու և բնության համար գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների և մթերքների հնարավոր վտանգների մասին քննարկումներին:
Ակադեմիկոս Լիա Օսիպյանն առաջավոր գիտնական է, գիտության կազմակերպիչ, հասարակական գործիչ, շնորհալի մանկավարժ: Նրա գործունեությունն ի մի է բերվել մոտ 400 տպագրված գիտական աշխատանքներում, այդ թվում՝ 5 մենագրություններում:
Գիտնականը եղել է բազմաթիվ գիտական համաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, գիտական զեկուցումներ է ներկայացրել աշխարհի մի շարք երկրների տարբեր գիտաժողովներում, ծավալել է ակտիվ հասարակական գործունեություն, բազմաթիվ մասնագիտական և հասարակական կազմակերպությունների անդամ է, մի շարք հրատարակչությունների խմբագիր և ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ:
Նա «Հայաստանի սնկերը» բազմահատորյակի երեք հատորների հեղինակն է և չորսի խմբագիրը:
Ներկայումս Լիա Օսիպյանը հասարակական գործունեություն է ծավալում սպառողների իրավունքների և սննդամթերքների անվտանգության պաշտպանության, Հայաստանի անտառների և կանաչ տնկարկների պահպանման ու վերականգնման վերաբերյալ:
ysu.am-ը շնորհավորում է բազմավաստակ գիտնականի տարեդարձը՝ մաղթելով քաջառողջություն և բեղուն գործունեություն:
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը