- Main
- Node
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
February 13, 2020 | 17:25
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Աքվարիուս Թրավել» ընկերության հետ համագործակցության շրջանակում:
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:
Վերջինս կարևորեց նմանօրինակ հանդիպումների դերը, քանի որ ուսանողները հնարավորություն ունեն ստանալու գործնական գիտելիքներ և լրացնելու ակադեմիական կրթության այդ բացը:
Այնուհետ ուսանողներին ողջունեց «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանը:
Վերջինս ելույթի սկզբում շնորհակալություն հայտնեց ուսանողներին հանդիպմանը տրամադրած ժամանակի և ցուցաբերած հետաքրքրության համար, ներկայացրեց «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադրման պատմությունը, մարտահրավերներն ու խնդիրները, որոնք հաղթահարել է ընկերությունը հիմնադրման օրվանից մինչ օրս, ինչպես նաև ընկերության զարգացման տեսլականը:
«Մենք միշտ կարողացել ենք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրները, քանի որ ձգտել ենք կատարյալին: Մարդը միշտ պետք է ձգտի կատարյալին»,- ասաց բանախոսը:
Տիգրան Ղահրամանյանը, անդրադառնալով ընկերության ընդարձակման ու կադրային քաղաքականության պատմությանը, նշեց, որ շատ կարևոր են աշխատակիցների մասնագիտական հմտությունները, քանի որ այդ հմտությունների շնորհիվ նրանք երկրի մասին տեղեկատվություն են հայտնում աշխարհին. «Մեզ համար կարևոր նպատակ է մասնագիտական տեղեկատվություն փոխանցել տուրիզմի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող ուսանողներին՝ հետագա մարտահրավերները հեշտ հաղթահարելու և արդյունավետ աշխատանք ունենալու համար»:
Մասնագիտական հմտությունների շարքում բանախոսն առանձնացրեց հատկապես օտար լեզվի իմացությունը:
«Որպես ապագա մասնագետներ՝ դուք պետք է իմանաք, որ մեր ոլորտում շատ կարևոր է օտար լեզվի իմացությունը, ընդ որում՝ էական չէ՝ խոսքը գերմաներենի՞, անգլերենի՞, թե՞ ֆրանսերենի մասին է,- ասաց «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրենը,- ուսանողների օտար լեզվի իմացությունը պետք է լինի բարձր մակարդակի վրա, քանի որ մենք երկիր ենք ներկայացնում»:
Ներկաներին ողջունեց նաև «Աքվարիուս Թրավել» ընկերության ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանը, որը նախ խոսեց ներգնա տուրիզմի առանձնահատկությունների մասին, ապա մանրամասնեց ներգնա տուր մենեջերի աշխատանքի գործառույթները:
Հանդիպման ժամանակ ուսանողներն իրենց հուզող հարցերը տվեցին հյուրերին: Իսկ հանդիպման ակտիվ մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու «Աքվարիուս Թրավել» ընկերության կողմից կազմակերպվող մեկօրյա անվճար սեմինարի:
Անի Պողոսյան