- Main
- Node
- ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
February 19, 2020 | 16:01
Կրթություն
ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որի նպատակն է նպաստել լրագրողների իրավական գրագիտության բարձրացմանը, այդ թվում՝ լրագրողների, իրավաբանների համար «Մեդիա իրավունք» մագիստրոսական կրթական ծրագրի միջոցով:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանն ասաց, որ «Մեդիա իրավունք» կրթական ծրագրի նպատակն է Իրավագիտության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների համատեղ ջանքերով հատկապես գործող և ապագա լրագրողներին փոխանցել գիտելիք մեդիադաշատի իրավական կարգավորումների վերաբերյալ, որպեսզի նրանք հստակ իմանան իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակը:
«Ուսումնասիրելով իրենց իրավունքները՝ լրագրողներն ավելի պաշտպանված կլինեն և ըստ այդմ՝ ավելի ազատ և անաչառ: Բացի դրանից՝ լրագրողները կհասկանան իրենց առաքելությունը, որը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ: Նրանք իրենց գործունեությամբ պետք է նպաստեն նաև հասարակության իրավագիտակցության բարձրացմանը»,- ասաց Աննա Մարգարյանը:
Նրա փոխանցմամբ, ծրագրի շրջանակում նախատեսվում է ներդնել «Մեդիա իրավունք» մագիստրոսական ծրագիրը, բայց մինչև այդ իրականացնել հավաստագրեր տրամադրող ծրագրեր գործող լրագրողների համար. «Այս պահին նախատեսված է նյութերի մշակում, որից հետո ձեռնամուխ կլինենք կրթական ծրագրի մեկնարկին»:
Աննա Մարգարյանի կարծիքով, մագիստրոսական կրթական ծրագիրն ամենայն հավանականությամբ գործելու է 2021 թվականից: Դրան կարող են դիմել ինչպես իրավաբանները, այնպես էլ լրագրողները: ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտի փոխանցմամբ, մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո ցանկալի կլինի, որ ուսանողները ստանան մեդիա իրավունքի փորձագետի որակավորում:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ հիմնադրամն աջակցում է և իրականացնում քաղաքացիական կրթությանն ուղղված միջոցառումներ. «Հիմնադրամի հանձնարարականը ժողովրդավարության զարգացումն է այն երկրներում, որտեղ ներկայացված է»:
Նրա տեղեկացմամբ, մեդիադաշտը միշտ հիմնադրամի ուշադրության կենտրոնում է գտնվել. «Անաչառ և անկախ մեդիադաշտի առկայությունը նույնպես երկրում ժողովրդավարության զարգացման գրավական է, և դրան հասնելու համար մենք Հայաստանում տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպել՝ փոխանցելով գործնական գիտելիքներ, ընդ որում՝ ոչ միայն տեղացի, այլև արտասահմանյան մասնագետների օգնությամբ»:
«Տարիների ընթացքում հասկացանք, որ միայն գործնական գիտելիքներ փոխանցելով դաշտում առկա խնդիրները չեն լուծվում: Եվ այս ժամանակահատվածում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հանդես եկավ «Մեդիա իրավունք» կրթական ծրագիր հիմնելու և կայացնելու նախաձեռնությամբ, որոնց իրագործմանը մեր հիմնադրամը պատրաստ է աջակցել՝ փոխանցելով նաև գործնականում ունեցած փորձառությունը»,- փաստեց Լիանա Մարուքյանը:
Նրա հավաստմամբ, կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռելու ոչ միայն գործնական, այլև տեսական և հիմնարար գիտելիքներ փոխանցելու ուսանողներին, որոնք հետագայում կարող են լավագույնս դրսևորվել մեդիադաշտում:
«Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը տեղի է ունեցել երեկ, որին մասնակցել են ինչպես գործող իրավաբաններ, այնպես էլ լրագրողներ, ուսանողներ, ԵՊՀ իրավագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում վեր են հանվել մեդիա ոլորտի կանոնակարգման մարտահրավերները և առկա վիճակը, մեդիայի անկախության, արհեստավարժության և անաչառության հիմնախնդիրները, քննարկվել հեղինակային իրավունքի պաշտպանության, մեդիա դաշտի իրավական կարգավորման, տվյալների պաշտպանության, սոցիալական և համացանցային մեդիայի իրավական կարգավորման հիմնախնդիրներ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ, կրթական ծրագրի շնորհիվ կունենանք ոլորտին քաջատեղյակ լրագրողներ, ըստ այդմ՝ շատ ավելի լավ և գրագետ պատրաստված նյութեր, որոնք կմատուցվեն հասարակությանը։
Քնար Միսակյան