ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն անցել են հեռավար ուսուցման: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում առցանց ուսուցման, դրա իրականացման մեթոդների, ուսանողների ներգրավվածության մասին զրուցել ենք ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանի հետ:
![Distance-learning-at-the-faculty-of-Mathematics-and-Mechanics](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/X0c0cB6G2LQ4vuHF0vMvkizkJj.jpg?h=bccd1fa5&itok=XMGSGaKh)
Այն հարցին, թե արդյո՞ք գոհ է առցանց ուսուցման ընթացքից, դեկանը պատասխանեց.«Այո, գոհ եմ, քանի որ այսօր սա ուսուցման միակ հնարավոր տարբերակն է: Բայց թե սրա արդյունավետությունը որքանով բարձր կլինի, ժամանակը ցույց կտա»:
Ա. Սահակյանը նշեց, որ գրեթե բոլոր դասընթացներն իրականացվում են: Նրա փոխանցմամբ, իհարկե, կան մեծահասակ դասախոսներ, որոնք դժվարանում են առցանց ուսուցում կազմակերպել, սակայն իրենց դասընթացի նյութերը պարտադիր տեղադրում եմ «Moodle» հարթակում:
«Մեր ֆակուլտետում առցանց ուսուցման վերաբերյալ առաջին հաշվետվությունը ներկայացրել ենք երեկ, ըստ որի՝ ուսանողության մասնակցությունը դասերին տարբեր է: Ցածր կուրսերի ուսանողներն ավելի ակտիվ են մասնակցում՝ 70-80 տոկոս, իսկ բարձր կուրսերը մի փոքր ավելի պասիվ են՝ մոտ 50-60 տոկոս: Բայց կարող եմ ասել, որ նրանց մասնակցության ցուցանիշը հիմա ավելի բարձր է, քան առկա ուսուցման ժամանակ»,- նշեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանը:
Նա նաև ասաց, որ ավարտական կուրսերի ուսանողները նույնպես կապի մեջ են իրենց աշխատանքների ղեկավարների հետ և չնայած առաջացած խնդիրներին՝ ամեն բան անում են՝ աշխատանքը պատշաճ ներկայացնելու համար:
Մարինա Առաքելյան