- Main
- Node
- ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
November 03, 2021 | 18:45
Կրթություն
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիային մինչհամալսարանական կրթության վարչության հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 19-26-ն իրականացրել է մասնագիտական ինքնորոշման և ընտրության մանկավարժահոգեբանական վերապատրաստում, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների 9 ներկայացուցիչներ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, հոգեբ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Վարդուհի Պապոյանն ասաց, որ վերապատրաստման ծրագրի նպատակն էր հանրակրթական հաստատությունների մանկավարժների և հոգեբանների համար ապահովել աշակերտների մասնագիտական ինքնորոշմանն ու կողմնորոշմանն ուղղված ժամանակակից տեղեկատվություն, տրամադրել գիտելիքներ աշակերտների մասնագիտական կողմնորոշման, ինքնորոշման և մասնագիտական արդյունավետ ընտրության համար:
«Բացի դրանից՝ այն նպատակ ուներ նպաստելու մանկավարժահոգեբանական հմտությունների ձևավորմանն աշակերտների մասնագիտական ինքնորոշման, ընտրության և հետագա իրացմանն ուղղված գործընթացների արդյունավետության, բնականոն շարունակականության ապահովման տեսանկյունից»,- ասաց Վարդուհի Պապոյանը։
Նրա խոսքով, վերապատրաստման ծրագիրն իրականացվել է՝ հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի այն կետերը, որոնք վերաբերում են մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորմանը, ինքնուրույնությանը, մասնագիտական կողմնորոշման և մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը. «Մանկավարժների և հոգեբանների շրջանում վերապատրաստման ծրագիրն անցկացվել է՝ ըստ նախարարության կողմից երաշխավորված ձեռնարկի»:
ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատողի տեղեկացմամբ, ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռքբերել մանկավարժահոգեբանական գնահատման նոր հմտություններ, ապահովել
անձնային հասունություն, տիրապետել մանկավարժահոգեբանական գնահատման գործիքակազմին, ինչպես նաև մասնագիտական ինքնորոշման, ընտրության և կայացման համար անհրաժեշտ գիտելիքների նորովի կիրառում:
Մեզ հետ զրույցում համար 182 ավագ դպրոցի ուսուցչուհի Հայկանուշ Թաշյանն ասաց, որ վերապատրաստումը մասնագիտական բավականին լուրջ և հետաքրքիր ծրագիր էր, որի արդյունքում մասնակիցները ստացել են տեղեկատվության մեծ պաշար. «Դրական լիցքերով և մեծ տեղեկատվությամբ հագեցած դասընթաց էր, որն իսկապես ասելիք և արդյունք ուներ»:
Համար 189 ավագ դպրոցի հոգեբան Լիանա Պետրոսյանն էլ միանշանակ արդյունավետ գնահատեց ծրագիրը և փաստեց, որ այն բավականին արդիական էր ու նորարար. «Ե՛վ նյութերն էին հագեցած, և՛ գործնական աշխատանքներն էին հետաքրքիր: Ես միանշանակ խորհուրդ կտամ մասնակցել այս ծրագրին»:
Վերապատրաստման այս ծրագրի բանախոսները եղել են Վարդուհի Պապոյանը, լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Դիանա Սարգսյանը և գիտաշխատող Ալինա Գալստյանը: Վ. Պապոյանը տեղեկացրեց, որ դրան մասնակցել են այն դպրոցների ներկայացուցիչները, որոնք համագործակցում են ԵՊՀ-ի հետ. «Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր դպրոցների հետ: Ծրագիրը շարունակական կլինի և կախված պահանջարկից՝ կփոփոխվի և կհամապատասխանեցվի տվյալ դպրոցի կարիքներին»:
Քնար Միսակյան