- Main
- Node
- «ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ». ՏԱԹԵՎ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ
November 23, 2021 | 11:06
«ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ Է, ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ». ՏԱԹԵՎ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ
ԵՊՀ մագիստրանտ, իրանագետ, Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Դունամալյանի հետ զրուցել ենք Մայր բուհի ընտրության, իրանագիտության գաղտնիքների և ուսանողական կամավորական աշխատանքների մասին:
- Ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ:
- Ֆակուլտետի ընտրության հարցում կարևոր է եղել մասնագիտական կողմնորոշումը:
Ինձ մշտապես հետաքրքրել են իրանական հարուստ մշակույթը, դարերի խորքից եկող պատմությունը և քաղաքակրթությունը, ուստի ցանկություն ունեի ավելի խորն ուսումնասիրելու ոչ միայն վերոնշյալ ոլորտները, այլև լեզուն, ապա իմ գիտելիքները ծառայեցնելու հայ-իրանական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Ինձ համար կարևոր է եղել նաև ֆակուլտետի հեղինակությունը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը համալսարանի՝ ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից մեկն է, որտեղ ուսանողները ոչ միայն ձեռք են բերում մասնագիտական գիտելիքներ, այլև ստանում են հայրենասիրական դաստիարակություն՝ կրթվելով որպես իսկական հայորդիներ: Իսկ ֆակուլտետի շրջանավարտները հիմնականում աշխատանքի են անցնում պետական համակարգում և իրենց ստացած գիտելիքները ծառայեցնում ի նպաստ հայրենիքի:
- Արդյո՞ք այդ ընտրությունն իրեն հետո արդարացրեց:
- Միանշանակ այո:
ԵՊՀ-ում ուսանելու տարիները հագեցած էին ինչպես կրթական, այնպես էլ արտաուսումնական ծրագրերով և միջոցառումներով։ Ստացած մասնագիտական գիտելիքներից և հմտություններից զատ՝ կարևոր ձեռքբերումներից է ֆակուլտետում ձևավորված ընկերությունը։ Ինչպես մենք ենք սիրում ասել, Արևելագիտության ֆակուլտետը մեծ ընտանիք է, որտեղ բոլորը համազգային և համամարդկային արժեքների կրող են:
- Ի՞նչ է իրանագիտությունը Ձեզ համար, ինչպե՞ս այն կսահմանեք:
- Ամենասկզբում իրանագիտությունն ինձ համար փակ, սակայն մշտապես գրավիչ, իր ետևում պատմություն և քաղաքակրթություն ունեցող դուռ էր, որի բանալին գտնում ես համալսարանում ուսանելու տարիներին, իսկ ավարտելիս վստահ բացում ես այդ դուռը և սահուն ներս մտնում:
- Ի՞նչ կամավորական աշխատանքներ եք կատարել այս ընթացքում: Ինչպե՞ս համատեղել ուսումն ու կամավորական աշխատանքը, և ի՞նչ կարևորություն ունի վերջինս ուսանողի կյանքում:
- Կամավորության մասին կարելի է անվերջ խոսել: 15 տարեկանից մինչ օրս զբաղվում եմ կամավորական աշխատանքներով, որոնք իմ կյանքում մեծ նշանակություն ունեն: Այդ աշխատանքների շնորհիվ երիտասարդները ձեռք են բերում մեծ փորձ, նոր գիտելիքներ և ընկերներ:
Կատարածս կամավորական աշխատանքների մեծ մասը բխել է իմ մասնագիտությունից և նպաստել որպես մասնագետ իմ կայանալուն:
Այժմ ինձ համար հասարակական ամենակարևոր գործունեությունն ՈՒԳԸ-ի շրջանակում կատարված աշխատանքն է, որն իրականացնում եմ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ ինձ համար մեծ պատիվ է լինել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը:
Մեր կառույցն ակտիվ գործունեություն է ծավալում, իրականացնում մի շարք միջոցառումներ, կազմակերպում գիտաժողովներ, գիտաճանաչողական այցեր, տարբեր թեմաներով բանախոսություններ, որոնց ընթացքում ուսանողները ևս մեկ անգամ հնարավորություն են ունենում լսելու ոլորտի լավագույն մասնագետներին, ինչպես նաև արևելյան գրականությունը հայերենով մատուցում է հայ ընթերցողին. թարգմանությունների մրցույթ, օլիմպիադաներ, գրքերի և ֆիլմերի քննարկումներ, մի շարք այլ միջոցառումներ: Մեր կարևոր նպատակներից մեկը միջֆակուլտետային համագործակցությունն է, որի շրջանակում կազմակերպվում են բազմաբովանդակ միջոցառումներ:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք իրանագիտություն ընտրողներին:
- Ապագա իրանագետներին խորհուրդ եմ տալիս երբեք չվախենալ բարդություններից, մշտապես կարևորել ընտրած մասնագիտությունը և լավագույնը լինել իրենց ոլորտում:
Արևելագետ լինելն իսկապես կոչում է, որը պետք է պատվով կրել։