- Main
- Node
- ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
December 01, 2021 | 16:24
Հասարակություն
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը:

Հանդիպման սկզբում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկոս Ասլանյանն ասաց, որ այս միջոցառման նպատակն է զարգացնել և ընդլայնել ապագա իրավաբանների իրավագիտակցության ու իրավական մշակույթի մակարդակը:
«ՈՒԳԸ-ն մշտապես կազմակերպում է հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսություններով հանդես են գալիս ոլորտում մեծ փորձառություն ունեցող հայտնի իրավագետներ»,- ասաց Մարկոս Ասլանյանը և փաստեց, որ միջազգային իրավունքի ասպարեզում Հայաստանի կարևորագույն հիմնահարցերից մեկն Արցախյան հիմնախնդիրն է, որը հատկապես վերջին պատերազմից հետո առավել առաջնային է դարձել:
Բանախոսության ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ուսանողներին ներկայացրեց իրավական այն գործընթացները, որոնք իրականացվում են Արցախի հակամարտության շուրջ:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղեկացմամբ, Հայաստանի կողմից ներկայացվել են բազմաթիվ միջպետական խնդրանքներ, որոնք վերաբերում են միջանկյալ միջոցներ կիրառելուն:
Եղիշե Կիրակոսյանը բանախոսության ընթացքում նշեց, որ Հայաստանը հայցադիմում է ներկայացրել նաև Արդարադատության միջազգային դատարան: Բանախոսը մանրամասնորեն խոսեց այս դատարան դիմելու ընթացակարգերի մասին և փաստեց, որ դրանցից է այն իրավիճակը, երբ կա միջազգային պայմանագիր կամ կոնվենցիա, որի խախտման դեպքում կարելի է հայցադիմում ներկայացնել:
Բանախոսության ավարտին Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին: