- Main
- Node
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
December 08, 2021 | 15:10
Հասարակություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ
Թիվ 148 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոն մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշվելու նպատակով:
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված այցի ընթացքում ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին Անգլիական բանասիրության ամբիոնի ասիստենտ Նաիրա Մարտիրոսյանին, որն ապագա ուսանողներին ներկայացրեց Մայր բուհն ու համալսարանական կրթության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկման մասնակիցների միջև զրույց ծավալվեց որոշ բարդ քերականական հարցերի շուրջ, աշակերտներին հուզում էին ամբիոնում ուսումնասիրվող առարկաների քանակն ու բարդությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Նաիրա Մարտիրոսյանն ապագա ուսանողներին ներկայացրեց անգլերենում պայմանական նախադասությունների կառուցվածքային առանձնահատկությունները. թեմայի ընտրությունը պատահական չէ, քանի որ աշակերտները հենց այս թեմայով դասախոսության մասնակցելու ցանկություն էին հայտնել:
ԵՊՀ ասիստենտը փաստեց, որ անգլերենին վերաբերող գիտելիքների ու հմտությունների ստուգման բոլոր հարցաշարերում իրենց կայուն տեղն են զբաղեցնում պայմանական նախադասությունների տիպերը, և աշակերտներն ու ապագա ուսանողները պետք է կարողանան դրանք գործածել գրավոր և բանավոր խոսքում:
Վերջում Նաիրա Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ անցկացված դասն արդյունավետ է լինելու հանդիպման մասնակիցների համար, քանի որ այն անգլերենի յուրացման կարևոր թեմաներից է: