- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում ամփոփվեցին «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները
Մարտ 03, 2025 | 17:35
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ-ում ամփոփվեցին «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները: Գիտական այս մրցույթի հանրապետական փուլին մասնակցել են դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 83 աշակերտներ։

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի գործակցության շրջանակում կազմակերպված օլիմպիադան անցկացվել է երկու ենթափուլով` տեսական և փորձնական: Տեսական փուլում աշակերտներին տրվել են հարցեր և խնդիրներ, իսկ փորձնական փուլում մասնակիցները Քիմիայի ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի ուսումնական լաբորատորիաներում կատարել են քիմիական փորձեր:
Ամփոփիչ միջոցառման շրջանակում անցկացվեցին քննարկումներ քիմիայի ուսուցիչների հետ: Քննարկվեցին թե՛ օլիմպիադայի առաջադրանքները, թե՛ կազմակերպական և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, բարձր գնահատելով օլիմպիադայի հանրապետական փուլի անցկացումը համալսարանում, նշեց. «Մենք մեծապես կարևորում ենք քիմիայի ոլորտի զարգացումը, ուստի մեր ներդրումը գիտության այս ոլորտի զարգացման գործում լինելու է շարունակական: Հույս ունեմ, որ այստեղ ներկա աշակերտներից շատերը հետագայում կդառնան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողներ՝ ոլորտում գրանցելով նոր հաջողություններ և իրենց ներդրումն ունենալով գիտության զարգացման գործում»։

Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Արմեն Գալստյանը, ներկայացնելով օլիմպիադայի հանրապետական փուլի ընդհանուր արդյունքները, ասաց․ «Տարեցտարի մասնակից աշակերտները օլիմպիադայում գրանցում են առավել բարձր ցուցանիշներ, սակայն դեռ շատ անելիքներ ունենք։ ԵՊՀ-ում տրամադրելով տեսական և փորձնական փուլերն անցկացնելու լայն հնարավորություններ՝ մենք նպատակ ունենք խթանելու ոլորտի նկատմամբ սովորողների հետաքրքրության մեծացումը»։
Հայաստանի քիմիայի օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը, կարևորելով այս տարվա օլիմպիադայի արդյունքները, ընդգծեց․ «Ուրախությամբ նշեմ, որ այս տարի 9-10-րդ դասարանցիներն իրենց գրանցած արդյունքներով գերազանցել են 11-12-րդ դասարանցիներին, և հաղթողների մեծ մասը մարզերից է: Սա վկայում է այն մասին, որ քիմիայի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է Հայաստանի տարբեր շրջաններում»:

Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին գովասանագրերով, շնորհակալագրերով, նվեր գրքերով, իսկ 1-3-րդ կարգեր զբաղեցրած 25 աշակերտները ստացան անհատական խրախուսական նվերներ:
Արդեն վեցերորդ տարին է, ինչ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվում է ԵՊՀ-ում, որտեղ տրամադրվում են անհրաժեշտ պայմաններ ապագա գիտնականների համար: Գիտական այս մրցույթը ևս մեկ անգամ ընդգծեց, որ գիտության զարգացումն ու նոր սերնդի որակյալ կրթությունը բուհի առաջնահերթություններից են:
Օլիմպիադայի փակման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, քիմիայի ֆակուլտետի դեկանը, ֆարմացիայի ինստիտուտի տնօրենը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ներկայացուցիչներ, ոլորտի գործարարներ, ուսուցիչներ և աշակերտներ:
Նշենք, որ առարկայական օլիմպիադաների նպատակն է բացահայտել տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, ինչպես նաև ներուժ ունեցող աշակերտներին՝ խթանելու այդ բնագավառում նրանց հետագա արդյունավետ գործունեությունը։