- Main
- Node
- ԵՊՀ. ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
January 31, 2022 | 15:44
Գիտություն
Հասարակություն
ԵՊՀ. ԳԻՏԱԿԱՆ ՈՒ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ներկայացրել է «Գրաֆիտե կոմպոզիտ կառուցվածքների ուսումնասիրությունն իրենց մոտակա էլեկտրամագնիսական դաշտի վիզուալիզացիայի միջոցով» գիտական թեման:
Անզեն աչքով մարդը տեսնում է էլեկտրամագնիսական ալիքների շատ նեղ՝ մոտավորապես 400 նանոմետր լայնությամբ տիրույթ, իսկ մնացած ամբողջ սպեկտրը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից մինչև ռադիոալիքներ, տեսանելի չէ:
Ըստ ծրագրի ղեկավար, Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի ասիստենտ Հենրիկ Պարսամյանի՝ վիզուալիզացիայի մեթոդը թույլ է տալիս տեսնել օբյեկտի շրջակայքում նրա էլեկտրամագնիսական դաշտի բաշխվածությունը:
Էությունը հետևյալն է. մետաղական կամ գրաֆիտի կոմպոզիտներից կազմված ձողերը ենթարկում են էլեկտրամագնիսական ճառագայթման, և ձողը, կախված նյութի տեսակից ու չափից, սկսում է իրեն յուրահատուկ ձևով փոխազդել ալիքների հետ. «Մենք տալիս ենք համեմատաբար թույլ ազդանշան, որը ձողի շուրջը մոտ 10 անգամ ուժեղանում է: Քանի որ գործ ունենք մետաղի հետ, կառուցվածքի հետ փոխազդեցության հետևանքով ձևավորված էլեկտրամագնիսական ալիքները գրեթե ներս չեն թափանցում, այլ ձողերի մակերևույթին ձևավորում են ռեզոնանսային ալիքներ: Դրանց մի շարք հետաքրքիր հատկությունների շնորհիվ ուսումնասիրվող ձողերը կարող են ծառայել որպես սենսոր»:
Գոյություն ունեն մետանյութեր, որոնք մարդու ստեղծածն են: Դրանք օժտված են որոշակի էլեկտրամագնիսական հատկություններով, բնության մեջ ընդհանուր առմամբ չեն հանդիպում. «Օրինակ՝ ապակին ունի որոշակի հատկություններ, որոնք մենք ըստ էության շատ չենք կարող փոխել: Մետանյութերի դեպքում հնարավոր է ամբողջությամբ ղեկավարել դրանց հատկությունները, այն, թե ինչպես են փոխազդելու էլեկտրամագնիսական ալիքների հետ: Ուսումնասիրվող կառուցվածքները կարող են ծառայել որպես այսպիսի մետանյութերի տարրեր»:
Հետազոտության արդյունքները կիրառական կարևոր նշանակություն են ունենալու միկրոալիքային ինժեներիայի տարբեր ոլորտներում, կարող են օգտագործվել ֆոկուսացման, ալեհավաքների ուսումնասիրության և այլ նպատակներով:
ԵՊՀ-ն էական ներդրում ունի երիտասարդ հետազոտողների աշխատանքում. «Ամենակարևորն այն գիտական, ակադեմիական մթնոլորտն է, որտեղ մենք պատիվ ունենք աշխատելու ու կարող ենք ցանկացած հարցում աջակցություն ակնկալել: Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում գործող «Միկրոալիքային հետազոտությունների» լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել տարատեսակ հետազոտություններ: Համալսարանն ապահովում է այդ ամենը»:
Հ. Պարսամյանն ընդգծում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «PMI Science»-ի աջակցությամբ իրականացվող նման հետազոտական դրամաշնորհների կարևորությունը և այն, որ գիտնականներին, պետական ծրագրերից բացի, աջակցում է նաև մասնավոր հատվածը:
Հասմիկ Ասլանյան