- Main
- Node
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԵԿ-ԻՑ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
February 10, 2022 | 17:21
Կրթություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԵԿ-ԻՑ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցության շրջանակում իրականացրել է տեղեկատվական հանդիպում մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեմայով։
Նախ հանդիպեցին ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: Մասնակցում էին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, ՊԵԿ աշխատակիցներ:
«Այս նախաձեռնությունը երկուստեք կարևոր է, քանի որ բուհի համար կարևոր է գործընկերային փոխհարաբերություններ ունենալ գործատուների հետ: ԵՊՀ-ն պատրաստ է աջակցել գործատուին՝ ճիշտ կադրային քաղաքականություն վարելու հարցում»,- նշեց պրոռեկտորը:
Կողմերը կարևորեցին գործակցությունն աշխատաշուկային պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման գործում:
ՊԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ԵՊՀ ուսանողների հետ, ներկայացրեցին մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրազեկման միջոցառումները:
«Ներկայում մաքսային համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի առանցքում բարեվարքության չափանիշներին համապատասխանող կադրերի ընտրությունն է: Ուստի նախաձեռնել ենք նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարք, որի մասնակիցը դառնալով՝ դուք կնպաստեք նոր որակի մաքսային ծառայության ձևավորման գործընթացին»,- նշեց Շուշանիկ Ներսիսյանը:
Դասընթացներին կարող են մասնակցել 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացիները, որոնք հաջողությամբ կհաղթահարեն թեստավորման և հարցազրույցի փուլերը: Աշխատանքային փորձը կարևոր չէ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն աշխատանքի առաջարկ կստանան: