- Main
- Node
- «ՃԱՆԱՉԻ՛Ր ՄԱՅՐ ԲՈՒՀԸ». ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
February 16, 2022 | 15:03
Կրթություն
«ՃԱՆԱՉԻ՛Ր ՄԱՅՐ ԲՈՒՀԸ». ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Լ.Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի է ունեցել ԵՊՀ երկարամյա ռեկտոր Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված «Ճանաչի՛ր Մայր բուհը» խորագրով ինտելեկտուալ մրցույթ:
Ուսանողական մրցույթի նպատակն է երիտասարդ համալսարանականներին ծանոթացնել Մայր բուհի պատմությանը:
Թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն անդրադարձավ մրցույթի կարևորությանը, ներկայացրեց Ս. Համբարձումյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ:
Միջոցառմանը, որին ներկա էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, մասնակցում էին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ու Պատմության ֆակուլտետների ուսանողները: Մրցույթի ժյուրիի կազմում էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը, իսկ նախագահն էր Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
«Նմանօրինակ միջոցառումները շատ կարևոր են ուսանողերին հավելյալ գիտելիքներ փոխանցելու առումով: Մրցույթի հարցաշարը վերաբերում է ոչ միայն ԵՊՀ պատմությանը, այլև զարգացման հետագա փուլերին: Այսպիսով, ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու Մար բուհի պատմությունը և նախանշելու նաև հետագա զարգացումները»,- նշում է Է. Մինասյանը:
Մրցույթում հաղթող ճանաչվեց Պատմության ֆակուլտետը ներկայացնող թիմը: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով և գրքերով:
Վարդուհի Զաքարյան