- Main
- Node
- ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
February 17, 2022 | 16:56
Կրթություն
ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Փոխաբերության դերը 44-օրյա պատերազմի համատեքստում» խորագրով գիտական սեմինար:
Այն համալրեց Հայ ինքնության և հակահայ քարոզչական դիսկուրսի հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկած «Language and Politics» գիտական սեմինարների շարքը: Ներկա էին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:
Հայ ինքնության և հակահայ քարոզչական դիսկուրսի հետազոտությունների կենտրոնը նախաձեռնել է սեմինարների շարք, որի նպատակն է լուսաբանել հակահայկական քարոզչության խոսքային ազդեցության մանիպուլյատիվ միջոցները՝ լրատվամիջոցներում, մամուլում, համացանցային խեղաթյուրումներին և կեղծարարությանը հակադարձելու նպատակով:
Մեզ հետ զրույցում պրոֆեսոր Սեդա Գասպարյանը նշեց, որ հատկապես վերջին տասնամյակների ընթացքում Հայ ինքնության և հակահայ քարոզչական դիսկուրսի հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները ցույց են տալիս, որ լեզուն կարևոր գործառույթ ունի ոչ միայն հաղորդակցության դաշտում, այլև ընկալում է ձևավորում ընթերցողի կամ ունկնդրի մոտ:
«Մեր ուսումնասիրությունները կատարվում են գլխավորապես լեզվի տեսանկյունից, բայց միայն դրանով չենք սահմանափակվում: Մենք, օգտագործելով լեզվական քննությունը, փորձում ենք բացահայտել և՛պատմական փաստերն ու դրանց աղավաղումները, և՛ քաղաքական խոսքի մանիպուլյատիվ մեխանիզմները»,- ասաց Ս. Գասպարյանը: