- Main
- Node
- «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
February 23, 2022 | 13:57
Կրթություն
«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ պատմության և արևելագիտության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել և անցկացվել է «Հայկական բանակի կայացումը և արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա աշխատաժողով՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին:
Այն մեկնարկել է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի զեկուցմամբ, որը ներկայացրել է Հայոց բանակի կայացման գործընթացը։ Նրա խոսքով, ազգային բանակն է պետության հիմքը և անվտանգության երաշխավորը։
Դեկանն իր ելույթի ժամանակ անդրադարձել է ՀՀ անկախությունից ի վեր բանակաշինության գործընթացի փուլերին, խոսել բանակաշինության այժմյան մարտահրավերների մասին։
Այնուհետև վաղ անցյալի տարբեր ժամանակաշրջաններում Հայոց բանակի պատմական ուղին է ներկայացրել Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը՝ գալով դեպի նոր և նորագույն ժամանակներ։ Նրա պնդմամբ, բանակի կազմակերպման գործընթացում եղել են նաև բացթողումներ, թերություններ, որոնք նոր ժամանակներում պետք է արագորեն շտկել ու վերացնել:
Աշխատաժողովին «Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանն էլ խոսել է բանակ-հասարակություն կապի ու հիմնախնդիրների մասին։ Անդրադառնալով բանակի առաջացման պատմական, մարդաբանական հիմքերին՝ նա շեշտել է բանակի նախնական և հիմնական գործառույթները հասարակության համար։
Վերջին տարիներին իրականացված հարցումների միջոցով բանախոսը առանձնացրել է բանակի մասին հասարակության մեջ առկա կարծրատիպային ընկալումները, դրանց առաջացման պատճառները, ստեղծված խոսույթները և վտանգները։
Միջոցառման արդեն երկրորդ օրը բանախոսությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որն անդրադարձել է ՀՀ-ում և Արցախում հետպատերազմական իրավիճակին և խոսել անվտանգության համակարգի բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Աշխատաժողովին ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն իր ելույթում ընդգծել է մինչև պատերազմը և պատերազմից հետո ստեղծված բարոյահոգեբանական իրավիճակի տարբերությունը Զինված ուժերում։ Նա նշել է, որ զինված ուժերի հզորությունը ենթադրում է ոչ միայն նյութական ռեսուրսներ, այլև բոլոր օղակների առջև դրված նպատակների, ինչպես նաև ազգային նպատակի սահմանում։
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը խոսել է կադրային քաղաքականության մասին՝ նշելով, որ դրա հիմքը ռազմամասնագիտական կրթությունը պետք է լինի։ Նրա խոսքով, հենց ռազմամասնագիտական կրթությունը պետք է ապահովի բանակի սպայական որակյալ կադրերը, որովհետև բանակի հիմքը սպայական կազմն է:
Աշխատաժողովի մասնակիցները երկու օրերի ընթացքում էլ հնարավորություն են ստացել իրենց հարցերն ուղղելու բանախոսներին։