- Main
- Node
- ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԽ ՆԻՍՏԸ
February 24, 2022 | 17:38
Հասարակություն
ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԽ ՆԻՍՏԸ
Օրակարգային 7 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը:
Նիստի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց այս ընթացքում իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների վերաբերյալ իր նկատառումներն ու դիտարկումները:
Այնուհետև Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Պարույր Վարդերեսյանը ներկայացրեց «e-request.ysu.am» հարթակը, որը հնարավորություն է ընձեռում պարզեցնելու փաստաթղթաշրջանառության գործընթացը:
Նիստի առաջարկված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու 3 հայց՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել ու քննել է ներկայացված փաստաթղթերը, նշեց, որ դրանք համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին:
Գիտական խորհրդին ներկայացված գիտական կոչում շնորհելու հայցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:
Այնուհետև անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային միավորի անվանակոչության կարգը՝ փաստելով, որ դրանով սահմանվում են ընդհանուր դրույթները, ինչպես նաև կառուցվածքային միավորի անվանակոչության կարգը:
Հ. Հովհաննիսյանի հավաստմամբ, այս նախագծով ԵՊՀ կառուցվածքային միավորի անվանակոչության որոշումն ընդունելու է Գիտական խորհուրդը: Ընդ որում՝ ներկայացված կարգի համապատասխան դրույթի համաձայն՝ ԵՊՀ-ի գիտական խորհուրդն իրավասու է կառուցվածքային միավորի անվանակոչելուց 20 տարի հետո փոփոխել (հանել) անվանակոչված կառուցվածքային միավորի անվանումը՝ համապատասխան հիմնավորման դեպքում:
ԵՊՀ գիտական խորհուրդն առաջարկություններից և քննարկումներից հետո հաստատեց ներկայացված կարգի նախագիծը:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը (նոր խմբագրությամբ):
Տեղեկացնենք, որ ներկայացված նախագիծը սահմանում է ԵՊՀ աշխատողներին գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար լրավճարի վճարման ընթացակարգը և չափերը:
Ծավալված քննարկումներից, հնչած առաջարկություններից և պարզաբանումներից հետո Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված կարգը, որտեղ կներառվի նաև ԵՊՀ հրատարակչության ղեկավար Կարեն Գրիգորյանի առաջարկությունները. առանձին ներկայացնել ԵՊՀ այն պարբերականները, որոնք ունեն առնվազն հիսուն տոկոս արտասահմանյան անդամներ և հրատարակվում են անգլերենով, բացի դրանից՝ ԵՊՀ-ի կողմից հրատարակվող անգլերեն մենագրություններին նույնպես տալ առանձին կարգավիճակ:
Այնուհետև օրակարգային հաջորդ հարցով Իրավաբանական ծառայության պետ Արմեն Թադևոսյանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը (նոր խմբագրությամբ)՝ ներկայացնելով իրականացված փոփոխությունները և պարզաբանելով դրանց նպատակը:
Կանոնակարգի նախագծի հաստատումից հետո Ա. Թադևոսյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական ծառայության և «Երևանի պետական համալսարանի անձնակազմի կառավարման բաժին» կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությունները:
Ներկայացված կանոնադրությունները հավանության արժանացնելուց հետո ԳԽ-ն հաստատեց նաև Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի կանոնադրությունը:
Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լևոն Հակոբյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները՝ նշելով, որ քվեարկությանը մասնակցել է 69 անդամ և երաշխավորել գիտական կոչում շնորհելու հայցերը:
Նիստի ընթացիկ հարցերի շրջանակում էլ ԳԽ-ն որոշեց ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ալեքսանյանին շնորհել «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» պատվավոր կոչում:
Որոշվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացնել առաջարկություն միավորման եղանակով վերակազմավորելու Քաղաքական ինստիտուտների և գործընթացների և Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնները, ինչպես նաև հաստատեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի տեսության և պատմության ամբիոնի անվանափոխության հարցը:
Գիտխորհուրդը հաստատեց նաև ԵՊՀ գիտական խորհրդի իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության ու որակի ապահովման հանձնաժողովների կազմերում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք պայմանավորված են իրականացված կառուցվածքային փոփոխություններով:
Ընթացիկ հարցերի շրջանակում որոշվեց նաև վերահրատարակել «Developing creative writing. from paragraph to essay» աշխատանքը որպես բուհական դասագիրք և հաստատվեց ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հայտերի երաշխավորության հարցը: