- Main
- Node
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԴՊՐՈՑՆԵՐ
March 02, 2022 | 15:12
Հասարակություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԴՊՐՈՑՆԵՐ
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, համագործակցելով տարբեր ֆակուլտետների հետ, իրականացնում է դասախոսների և հանրապետության տարբեր դպրոցների աշակերտների հանդիպումներ՝ նպատակ ունենալով նպաստելու ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը, հաղորդելու նոր գիտելիքներ ու բարձրացնելու իրազեկության նրանց մակարդակը:
Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված դասախոսությունների ժամանակ ԵՊՀ դասախոսներն աշակերտներին ներկայացնում են Մայր բուհի կառուցվածքը, գործունեությունը, իրենց ֆակուլտետների աշխատանքները, հանդես գալիս թեմատիկ դասախոսություններով և պատասխանում նրանց հարցերին:
Աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Լիզա Քարիմյանը և Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի ասիստենտ Լիդա Սահակյանն այցելել են Երևանի թիվ 198 ավագ դպրոց և աշակերտների համար հանդես եկել «Կրոնական զբոսաշրջություն» թեմայով դասախոսությամբ:
Լ. Քարիմյանն ասաց, որ «Կրոնական զբոսաշրջություն»-ը ֆակուլտետի կրթական նոր ծրագիր է, որը գործելու է հաջորդ տարվանից: Նրա խոսքով, աշակերտներին մանրամասն ներկայացվել է այդ ծրագրի առավելությունները, մասնագիտացման արդիականությունը և հեռանկարները:
Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Տիգրան Ղանալանյանը հանդիպել է Երևանի թիվ 159 ավագ դպրոցի աշակերտներին և նրանց համար հանդես եկել «Արցախյան գոյամարտ» թեմայով դասախոսությամբ:
Մեզ հետ զրույցում Տ. Ղանալանյանն ասաց, որ դասախոսության ընթացքում ներկայացվել է Արցախյան հիմնահարցը, անդրադարձ է կատարվել պատմական իրողություններին ու ներկայիս իրավիճակին: Նրա խոսքով, հանդիպումը բավականին արդյունավետ է անցել. հնչել են բազմաթիվ հարցեր ու տեղի ունեցել ակտիվ քննարկումներ:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը Երևանի թիվ 184 ավագ դպրոցի աշակերտներին ներկայացրել է «Ինչպես ընտրել մասնագիտություն» և «Սերվիսը՝ որպես ժամանակակից հետազոտության օբյեկտ» թեմաներով դասախոսությունները:
Մեզ հետ զրույցում Ս. Սուվարյանը նշեց, որ հանդիպմանն աշակերտներին վստահեցրել է, որ չկա վատ մասնագիտություն, կան լավ ու վատ մասնագետներ: Ամբիոնի վարիչն աշակերտներին ներկայացրել է ֆակուլտետի կրթական ծրագրերը, սերվիսի վերաբերյալ տարածված կարծրատիպերը և պատասխանել նրանց հարցերին:
Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի և թիվ 5, 11, 17, 10, 13, ինչպես նաև ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ ու միջնակարգ դպրոցների աշակերտների համար հանդես է եկել «Ժամանակակից ֆիզիկայի արդի խնդիրները, մասնագիտական կողմնորոշումը և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը» թեմայով դասախոսությամբ:
Ռ. Հակոբյանն ասաց, որ աշակերտների հետ հանդիպմանը ներկայացվել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, իրականացված փոփոխությունները, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառում վերջին տարիների նորարարությունները:
Ի դեպ, Վանաձոր այցելության ժամանակ դեկանին ուղեկցել են ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ Էրիկ Գևորգյանը, Սամվել Վարդանյանը, որոնք «Էվրիկա» դպրոցի շրջանավարտներ են, ինչպես նաև Միլենա Սաֆարյանը և Լիլիա Ազարյանը: Ուսանողները նույնպես մասնակցել են աշակերտների հետ հանդիպումներին և պատասխանել նրանց հարցերին:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետն էլ հյուրընկալել է «Մխիթար Հերացի» ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին, որոնց հետ հանդիպմանը մասնակցել են ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը և Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Միքայել Պողոսյանը:
Ա. Սահակյանն աշակերտներին ներկայացրել է ֆակուլտետի պատմությունն ու ձեռքբերումները, մասնագիտությունների ցանկը, ընդունելության կարգն ու պայմանները: Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչը խոսել է «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» և «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրիատի մասնագիտացումների առավելությունների, կրթական ծրագրերի առանձնահատկությունների մասին, նկարագրել, թե որտեղ և ինչպես են կարող կիրառվել ֆակուլտետում ստացված գիտելիքները:
Հանդիպմանն աշակերտները հղել են իրենց հետաքրքրող հարցերն ու ստացել դրանց պատասխանները: Ա. Սահակյանը հույս է հայտնել, որ հանդիպմանը մասնակից աշակերտներից ոմանք սեպտեմբերին կլինեն արդեն ֆակուլտետի ուսանողի կարգավիճակում: