- Main
- Node
- ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
March 02, 2022 | 16:24
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր բաց դռների օր՝ Երևանի թիվ 3, 184, 159 ավագ դպրոցների, «Քվանտ» վարժարանի, Ագարակի միջնակարգ և Արարատի ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
Նրանց ներկայացրեցին ֆակուլտետի պատմությունը, գործող կրթական ծրագրերը, ամբիոններն ու լաբորատորիաները, պատմեցին ուսանողական կյանքի մասին:
Հանդիպմանը ներկա էին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Վահագն Գրիգորյանը, դասախոսներ, ուսանողներ:
«Մեր ֆակուլտետի ապագա ուսանողները որակյալ և արդիական կրթական ծրագրեր սովորելու, ուսանողական կյանքը վայելու և լայն մտահորիզոն ձևավորելու հնարավորություն ունեն»,- ասաց դեկան Մարատ Գրիգորյանը:
Սեյրան Սուվարյանն էլ նշեց, որ մասնագիտական ընտրություն կատարելիս ապագա դիմորդները պետք է ճիշտ կողմնորոշվեն, միշտ հիշեն, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը նախևառաջ պատրաստում է սեփական երկիրն ուսումնասիրող մասնագետներ:
Հյուրընկալված աշակերտները հարցեր ուղղեցին ընդունելության քննությունների, ֆակուլտետի կողմից անցկացվող պրակտիկաների մասին:
Վերջում աշակերտները բաժանվեցին խմբերի և շրջայց կատարեցին ժամանակակից լաբորատորիաներով: