- Main
- Node
- «ԴՈՒ ԻՆՁ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՍ» 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ «Ի՞ՆՉ Է ԽԻՂՃԸ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
March 04, 2022 | 17:00
Կրթություն
«ԴՈՒ ԻՆՁ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՍ» 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ «Ի՞ՆՉ Է ԽԻՂՃԸ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՆԱՎԵՃ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի մագիստրանտներն ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի նախաձեռնությամբ հիմնել են «Club des Poetes» («Պոետների ակումբ») հանրային գրական-գեղարվեստական բանավեճային ակումբը, որի շրջանակում այսօր խղճի կոնցեպտին նվիրված քննարկում է տեղի ունեցել:
Անուշ Սեդրակյանը կարևորեց տարբեր հարցերի շուրջ բանավիճելու մշակույթի հմտությունների ուսուցանումը. «Մարդը ցանկացած հարցի պատասխան պետք է ինքն իր մեջ ունենա, հատկապես, եթե խոսքը գոյաբանական հարցերին է վերաբերում՝ ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ այստեղ ապրում, ո՞րն է իմ դերակատարումը կյանքում առհասարակ, և իմ հայրենիքում՝ մասնավորապես: Այս բոլոր հարցերի պատասխանները վաղուց կան, պարզապես պետք է լավ փորփրել և յուրովի վերագտնել դրանք»:
Բանավեճի ընթացքում ուսանողներն անդրադարձան խղճին վերաբերող մի շարք կարևոր հարցերի, որոնք միտված էին տարբեր՝ հոգեբանական, փիլիսոփայական, գրական տեսանկյուններից այն վերլուծելուն:
Ուսանողները հանդես եկան թեմատիկ զեկուցումներով՝ իրենց ելույթներում խիղճը դիտարկելով որպես բնատուր և ձեռքբերովի երևույթներ:
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանող Աննա Հակոբյանի արդեն երկրորդ՝ «Դու ինձ պակասում ես» գրքի շնորհանդեսը:
Այն ընթերցողին է ներկայացնում հադրութցի Աննայի անցյալի մտորումները, որին հաջորդում են պատերազմում սիրելիներին կորցրած աղջիկների պատմությունները:
Գրքում տեղ է գտել նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալակիր Գևորգ Արշակյանին նվիրված բանաստեղծությունը:
«Այն կարևոր հաղորդագրությունը, որ գիրքը փոխանցում է ընթերցողին, հետևյալն է՝ պետք է գնահատել այն ամենն ինչ ունենք, իսկ չունեցածի համար էլ պետք է չհուսահատվել, քանզի կյանքը սահմանափակ չէ և այն շարունակվում է նաև երկնային արքայությունում»,- ասաց Աննա Հակոբյանը: