- Main
- Node
- ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ
March 17, 2022 | 16:44
Կրթություն
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ
«Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» դասընթացի մասնակիցները հավաստագրեր ստացան:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ մարտի 11-13-ը «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ծրագրի շրջանակում իրականացված եռօրյա դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը:
Ներկաներին ողջունեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը. «Կազմակերպված դասընթացը ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին ոչ ֆորմալ կրթության ձևաչափով մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու կարևոր նախաձեռնություն է, որը պետք է շարունակական լինի»:
«Շնորհակալ ենք Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարությանն ու ուսանողներին դասընթացների կազմակերպման և իրականացման աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: Անկասկած, թեման բավականին ծավալուն է և նոր, սակայն խնդիրներն արդիական են: Այսօր կլիմայի փոփոխությանն ու հարմարվողականությանը վերաբերող հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, տեղեկատվական մեծ հոսք է սպասվում, ուստի մեդիա ոլորտ մտնող երիտասարդ լրագրողների իրազեկվածության մակարդակը պետք է բարձր լինի»,- իր խոսքում նշեց ծրագրի հաղորդակցման փորձագետ Գայանե Իգիթյանը:
Դասընթացների նպատակն էր բարձրացնել կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ լրագրության ոլորտում ուսանողների ու դասախոսների իրազեկության մակարդակը:
Ծրագրի փորձագետ Մանե Մադոյանը նշեց, որ թյուր կարծիք կա, թե կլիմային վերաբերող խնդիրները միայն բնապահպանական թեմաներով զբաղվող լրագրողներին է վերաբերում. «Եթե լրագրողը գրում է գյուղատնտեսության, առողջության, տուրիզմի կամ մեկ այլ բնագավառի խնդիրների մասին, ապա պարտավոր է իմանալ, թե ինչ ազդեցություն ունի կլիմայի փոփոխությունը տվյալ ոլորտների վրա»:
Դասընթացի մասնակիցները ծանոթացել են Հայաստանում կլիմայի փոփոխության միտումներին, ազդեցությունների, խոցելի ոլորտներում առկա ռիսկերին, հասանելի հարմարվողականության միջոցառումներին, իսկ խմբային աշխատանքների ընթացքում քննարկվել են ոլորտում առկա ինստիտուցիոնալ փոփոխությունների և հարմարվողականության կարևորության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների շրջանակը: Մասնակից դասախոսների քննարկվել են նաև խնդրին առնչվող թեմաները կրթական գործընթացում ներառելու հնարավորությունները: