- Main
- Node
- «ԵՊՀ-Ն ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ». ՄԱՐԻԱ ԵՍԱՅԱՆ
July 27, 2022 | 13:56
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ». ՄԱՐԻԱ ԵՍԱՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Մարիա Եսայանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրով կրթություն է ստացել Սալոնիկի Արիստոտելի համալսարանում: Մարիան պատմել է մասնագիտության ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և արտասահմանում ստացած կրթության մասին:
Մասնագիտությունս պատահական չեմ ընտրել։
Սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» բաժնում: Մասնագիտությունն ընտրել եմ՝ հիմք ընդունելով մի շարք պատճառներ, որոնցից թերևս կառանձնացնեմ այն, որ ոլորտը բազմապրոֆիլ է և բազմաբովանդակ` պետական կառավարումից ու քաղաքացիական ծառայությունից մինչև տնտեսագիտություն ու մարքեթինգ:
Արտասահմանում կրթություն ստանալու մասին նախկինում չէի մտածել:
Վերջին շրջանում սկսեցի հետաքրքրվել «Էրազմուս+» ծրագրով: Հաճախ էի մասնակցում վեբինար-քննարկումների և այլ միջոցառումների, որոնց ժամանակ արտերկրում կրթություն ստացածները ներկայացնում էին իրենց փորձը, պատմում ողջ ընթացակարգի մասին: Ես այդպես ոգեշնչվեցի, որոշեցի դիմել ծրագրին և մեկնել արտասահման՝ սովորելու:
ԵՊՀ-ն տալիս է որակյալ կրթություն և ամեն կերպ աջակցում ուսանողներին:
Ինչպես Արիստոտելի համալսարանում, այնպես էլ ԵՊՀ-ում կրթությունը բարձր մակարդակով է կազմակերպվում: Փոխանակման ծրագրերով արտասահմանում սովորելու գլխավոր նախապայմանը համալսարանների համագործակցությունն է, իսկ ԵՊՀ-ն ունի համագործակցության լայն շրջանակ, որն էլ հնարավորություն է տալիս գտնելու այն բուհը, որը համապատասխանում է թե´ քո մասնագիտությանը և թե´ նախասիրություններին:
Կրթությունից զատ՝ Հունաստանում անցկացրած վեց ամիսներն ինձ հրաշալի հնարավորություններ ընձեռեցին:
Այնտեղ ես դարձա էլ ավելի ինքնուրույն, ձեռք բերեցի նոր ընկերներ և ընդլայնեցի ծանոթություններիս շրջանակը: Ես, կարելի է ասել, կարճ ժամանակում գրանցեցի անձնային աճ:
Մշտապես պետք է ձգտել կատարելագործվելու։
Այդ ճանապարհին կարևոր են ինքնավստահությունն ու համարձակությունը։ Նմանատիպ ծրագրերն էապես նպաստում են ուսանողների՝ որպես որակյալ և բազմակողմանի զարգացած մասնագետների կայացմանը։
Մարինե Մկրտչյան