- Main
- Node
- ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԼԻ ԷՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԵՊՀ-ՈՒՄ
September 01, 2022 | 15:30
Կրթություն
Ուսանողական
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԼԻ ԷՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը ԵՊՀ-ՈՒՄ
Վաղ առավոտից համալսարանի բակը մարդաշատ է: Շտապ քայլերով առաջ են շարժվում ուսանողներն ու փորձում ծանոթ կուրսընկերոջ գտնել. առաջինկուրսեցիներն են:
Նոր ընդունված ԵՊՀ-ականների համար երազանքի բուհում սովորելն արդեն իրականություն է. դրա վկայությունը նրանց անկեղծ ժպիտներն են: Ավելի բարձր կուրսերում սովորողներն արդեն գիտեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահի կիսանդրիները, համալսարանի բոլոր անկյունները, նույնիսկ բակի ծառերի դասավորությունը։ Այդ ամենն այսօր գրավում է նորեկների ուշադրությունը. նրանք հերթով կարդում են կիսանդրիների վրա գրված անունները կամ փորձում ինքնուրույն կռահել։ Նրանց պրպտուն հայացքը վկայում է, որ այդտեղ տեսածն ու կարդացածը չի անցնում նրանց հիշողության մեջ. օրեր անց դարձյալ պիտի նայեն այդ կիսանդրիներին, և նրանց պիտի թվա՝ առաջին անգամ են տեսնում այդ մեծանուն մարդկանց դիմաքանդակները։
Օգոստոսի 29-31-ը ԵՊՀ ուսանողական խորհրդի կազմակերպած «Առաջինկուրսեցիների իրազեկում-2022» ծրագրի շրջանակում ԵՊՀ նոր ուսանողները եղել էին բուհում, բայց միևնույնն է, այսօր նրանք հայացքը չեն հեռացնում տեղանքին քիչ թե շատ ծանոթ կուրսընկերներից և փորձում են նրանց հետևելով՝ հասնել ֆակուլտետ:
Ֆակուլտետներում առաջինկուրսեցիներին դիմավորում են պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, որոնք փորձում են նորեկներին ներգրավել համալսարանական առօրյայում։ Դասախոսները, ներկայացնելով ֆակուլտետի գործունեությունը, իրենց ուսանողներին մաղթում են ապագայում դառնալ ոլորտի լավագույն մասնագետներից:
Հետաքրքրասեր աչքերով առաջինկուրսեցիները փորձում են յուրացնել դասախոսի ասած յուրաքանչյուր բառը, սակայն ընթացքում համակուրսեցիների հետ շշուկով ինչ-որ բաներ են խոսում: Հավանաբար փորձում են հասկանալ, թե որ առարկան կդասավանդի պրոֆեսորը:
Տպավորություններն աննկարագրելի են, օրը՝ անիրական թվացող։
Բարձր կուրսերի ուսանողները կարոտով շտապում են լսարաններ, և բոլորի շուրթերին նույն բառն է՝ «վերջապե՜ս»։ Նրանք սպասում են հագեցած դասապրոցեսի՝ կարծելով, թե ամեն տարվա նման դասերի մեկնարկը տրվելու է առաջին իսկ օրից: Սակայն այս տարին բացառություն է. նրանց այսօր հագեցած դասեր մեծ մասամբ չեն սպասվում, և դասախոսությունների փոխարեն այսօր հնչելու են ողջույնի և շնորհավորանքի խոսքեր նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Իսկ արդեն վաղվանից համալսարանում կվերսկսվի գիտական, կրթական, մշակութային ու ակտիվ ուսանողական կյանքը։