- Main
- Node
- ԵՊՀ-ն՝ հայ-իրանական բարեկամության կամուրջ
February 11, 2025 | 15:51
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն՝ հայ-իրանական բարեկամության կամուրջ
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հյուրընկալվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակում դեսպանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով, հանդես եկավ դասախոսությամբ, ինչից հետո իրանական կողմը ներկայացրեց մշակութային միջոցառում՝ նվիրված երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։
![](/sites/default/files/styles/large_slide/public/2025-02/02_7.jpg?h=02cb7f90&itok=S_UqPUFj)
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով այսօրինակ միջոցառումների անցկացումը, ընդգծեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների կարևոր նշանակությունը երկու երկրների համար, ինչպես նաև ԻԻՀ դեսպանի անձնական ներդրումը երկկողմ կապերի ամրապնդման գործում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/04_7.jpg?itok=U-r6MnYr)
Անդրադառնալով վերջին երեք տարիների ընթացքում Իրանի դեսպանատան հետ համագործակցության սերտացմանը՝ ԵՊՀ ռեկտորը նշեց․ «Մեհդի Սոբհանին այն եզակի դեսպանն է, որն իմ պաշտոնավարման ընթացքում պարգևատրվում է ԵՊՀ ոսկե մեդալով։ Այս պարգևը մեր երախտագիտության դրսևորումն է դեսպանի արդյունավետ և անմիջական համագործակցության համար»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նույնպես իր ելույթում կարևորեց դեսպանի մեծ ներդրումը գործընկերային կապերի ամրապնդման գործում՝ նշելով, որ նա ֆակուլտետի «սպասված բարեկամն է»։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/05_1.jpg?itok=CCINDXuV)
«Եթե մի քանի շաբաթ ԻԻՀ դեսպանը չի այցելում մեր ֆակուլտետ, ուսանողները հարցնում են՝ որտե՞ղ է մեր մեծանուն բարեկամը։ Սա խոսում է այն մասին, որ դեսպան Մեհդի Սոբհանին ոչ միայն պաշտոնական ներկայացուցիչ է, այլև մեր հարազատ գործընկերը»,- մատնանշեց դեկանը։
Երևանի պետական համալսարանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատված ամուր կրթական և մշակութային համագործակցության խորհրդանիշ դարձավ դեսպանի պարգևատրումը ԵՊՀ ոսկե մեդալով՝ ի նշան հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման և ԵՊՀ-ի հետ արդյունավետ համագործակցության համար։ Բացի դրանից՝ ԵՊՀ շնորհակալագիր հանձնվեց նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդին՝ կրթական և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2025-02/13_0.jpg?itok=m7WfBuYh)
Բարձր գնահատելով այս պատվավոր պարգևը՝ Մոհամմադ Ասադի Մովահեդը շեշտեց․ «Սա ոչ միայն իմ, այլև երկու բարեկամ պետությունների ամուր կապերի խորհրդանիշն է։ Հայաստանի հետ մշակութային կապերի զարգացումը մեր առաջնահերթություններից է»,- ասաց նա։
Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, խոսելով համալսարանի և Իրանի գիտակրթական կապերից, հավելեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անմիջական ջանքերով վերանորոգվել է ԵՊՀ մեծ դահլիճներից մեկը՝ Ֆիրդուսիի անվան դահլիճը։
«Վերանորոգումը կատարվել է ամբողջությամբ, ապահովվել է նաև տեխնիկական հագեցվածություն՝ տեսաձայնային համակարգերով։ Սա, ըստ էության, կարելի է կոչել «ակադեմիական դիվանագիտություն», քանի որ ԵՊՀ-ն՝ որպես գիտակրթական խոշոր հաստատություն, կատարում է գործողություններ՝ ի նպաստ ոչ միայն համալսարանի, այլև Հայաստանի և Իրանի միջև առկա կապերի ամրապնդման»,- ընդգծեց Վ․ Ոսկանյանը։
Նա հավելեց, որ ԵՊՀ-ն ունի մշակութային այլ ծրագրեր, այդ թվում՝ դեսպանի դասախոսությունների շարքը, որն արդեն երկրորդն է։ Այս դասախոսությունների շրջանակում ներկայացվում են տարբեր խնդիրներ, ինչպես նաև իրանական դիվանագիտության հմտությունները։ Բացի դրանից՝ Երևանի պետական համալսարանի և Իրանի համագործակցության շրջանակում հայ ուսանողները հնարավորություն են ունենում այցելելու Իրանի տարբեր համալսարաններ՝ մասնակցելով գիտաճանաչողական այցերի։ Այս տարվա ամռանը ևս կազմակերպվել է նման այց, որի շրջանակում ուսանողները ճանաչողական ծրագրերով եղան Իրանի մի շարք բուհերում։
Միջոցառման ավարտին իրանական պատվիրակությունն ուսանողների ուշադրությանը ներկայացրեց մշակութային ծրագիր, որի շրջանակում հնչեցին իրանական ազգային երաժշտական կատարումներ, ցուցադրվեցին իրանական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող տարրեր։ Ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծեց երկու ժողովուրդների պատմական կապերն ու բարեկամությունը՝ ամրապնդելով փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը։
ԵՊՀ ղեկավարությունը և Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ հայ-իրանական համագործակցությունը կլինի շարունակական, և նման միջոցառումները կդառնան լավ ավանդույթ՝ նպաստելով երկու ժողովուրդների գործընկերային կապերի ամրապնդմանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ուսանողներ։