- Main
- Node
- Հետազոտությունից բիզնես․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ
March 06, 2025 | 14:02
Կրթություն
Հասարակություն
Հետազոտությունից բիզնես․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ
Չգիտե՞ք, թե ինչպես գիտական հետազոտության արդյունքը դարձնել շահավետ բիզնես։ Այս հարցում ձեզ կօգնի ԵՊՀ առաջարկած նոր՝ «Mini MBA» ծրագիրը, որ նպատակ ունի տրամադրելու բիզնեսի հիմնարար գիտելիքներ՝ մասնակիցներին տալով առաջնորդության, ռազմավարական մտածողության և ներկայացման հմտություններ։

Գիտական արդյունքը բիզնես ծրագրի վերածելը հաճախ համարվում է մեծ մարտահրավեր, որը պահանջում է ոչ միայն գիտելիքներ, այլև գործարար մտածելակերպ և համակարգված պլանավորում։ Այս գործընթացը ներառում է թե՛ նորարարական գաղափարների զարգացում, թե՛ դրանց բիզնես մոդելի ձևավորում, ինչպես նաև՝ շուկայի պահանջներին համապատասխանեցում։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպես արդյունավետ կերպով կիրառել գիտական հետազոտությունները շուկայում, ինչպես նաև գտնել ֆինանսավորման, մարքեթինգի ու վաճառքի մեխանիզմներ՝ ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական միջավայրերում հաջողության հասնելու համար:
Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորն առաջարկում է «Mini MBA» ծրագիրը, որը հնարավորություն կտա խորապես ընկալելու, թե ինչպես գիտելիքները կարող են վերածվել իրական ու հաջողակ բիզնեսի, որում միախառնված են նորարարությունը, հետազոտություններն ու բիզնես հմտությունները։ Ծրագրի մանրամասների մասին զրուցել ենք ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի հետ։
Ի՞նչ կտա «Mini MBA» ծրագիրը
«Mini MBA» ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից՝ դասընթացներ, մենթորություն, բիզնես գաղափարներ ձևավորելու աջակցություն և ֆինանսավորման դիմելու հայտի նախապատրաստում։
Ծրագրի առաջին փուլում մասնակիցները կծանոթանան բիզնեսի և կառավարման հիմնարար սկզբունքներին, որոնք կօգնեն նրանց ավելի լավ ընկալել բիզնես միջավայրում գործող սկզբունքները։ Դասընթացը կզարգացնի մասնակիցների ռազմավարական մտածողությունը և առաջնորդության հմտությունները, ինչը կենսական նշանակություն ունի տեխնոլոգիական ծրագրերի և թիմերի արդյունավետ կառավարման համար։ Մասնակիցները կսովորեն նաև, թե ինչպես վստահ ու հստակ ներկայացնել իրենց բիզնես գաղափարները՝ հաշվի առնելով հաղորդակցման կարևորությունը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև էթիկայի և կայունության վրա հիմնված պատասխանատու և ներառական բիզնես միջավայրի գործունեության սկզբունքներին, ինչը շատ կարևոր է ժամանակակից բիզնեսի զարգացման գործում։
«ԵՊՀ-ում կատարվում են բազմաթիվ գիտական հետազոտություններ, ինչի մասին է վկայում հրապարակված գիտական հոդվածների թվով համալսարանի՝ առաջատար լինելու հանգամանքը։ Սակայն կարևոր է միայն գիտական արդյունքների սահմաններում չմնալը․ անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչպես կարող է գիտական աշխատանքը վերածվել բիզնեսի։ Հետազոտությունը պետք է ունենա իր բիզնես կիրառությունը, ինչը շատ տարածված երևույթ է առաջատար բոլոր համալսարաններում»,- ասաց Ռուբեն Գևորգյանը։
Նա հավելեց, որ «Mini MBA» ծրագրին մասնակցելու համար կա երկու կարևոր նախապայման. առաջին՝ գիտական հետազոտությունը պետք է ունենա համապատասխան ներուժ, երկրորդ՝ հետազոտողը պետք է ցանկություն ունենա անցնելու այս ճանապարհը։
«Մեր նպատակն է մատնանշել, որ գոյություն ունի այսպիսի ճանապարհ, որը բարդ չէ, և գիտնականները կարող են այս միջոցով իրենց գիտական աշխատանքները վերածել բիզնեսի՝ զուգահեռ շարունակելով իրենց գիտական գործունեությունը։ Ծրագիրը ոչ միայն տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ, այլև ցույց է տալիս, որ այսօրինակ ճանապարհը միայնակ անցնելը պարտադիր չէ։ Հետևաբար, կարևոր է, թե ինչպիսի մասնագետներ են անհրաժեշտ, որոնք կարող են օգնել այդ գործընթացում։ Մենք հետազոտողներին առաջարկում ենք թիմ ձևավորելու հնարավորություն, քանի որ բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ են թե՛ գաղափար, թե՛ թիմ։ Առաջին անգամ անցկացվող դասընթացի շրջանակում մենք կներկայացնենք, թե ինչպես ճիշտ ձևավորել թիմ՝ գրագետ և արդյունավետ համագործակցությամբ, ինչը կօգնի անցնել այդ ճանապարհը»,- ավելացրեց պրոֆեսորը։
Նա նշեց, որ ծրագրի մեկնարկի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում։
Ծրագրի ավարտին կընտրվեն գաղափարներ, որոնց ԵՊՀ բիզնես ինկուբատորի կողմից կընձեռվի հնարավորություն՝ ստանալու նույնիսկ առաջին ֆինանսավորումը։
Ի՞նչ կառուցվածք ունի ծրագիրը
6-շաբաթյա տևողությամբ դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն՝
ձեռնարկատիրական կառավարում,
ռազմավարական պլանավորում,
տեխնոլոգիական ձեռներեցություն,
քանակական վերլուծությունները բիզնեսում,
ֆինանսներ,
հաշվապահություն,
մարքեթինգ,
առաջնորդություն և թիմային աշխատանք,
գաղափարների ներկայացման հմտություններ,
մասնակիցների հետ անհատական աշխատանք (Mentorship)։
ԵՊՀ «Mini MBA» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են բիզնեսում։ Այս ծրագիրը հարթակ է ստեղծում նորարար և հմուտ մասնագետների ձևավորման համար, որոնք պատրաստ են առաջնորդելու և նոր գաղափարներ գեներացնելու այդ հարթակում։
«Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել գործընկեր օտարերկրյա համալսարանների հետ և հասկացել, թե ինչպես է այս գործընթացը կազմակերպվում տարբեր երկրներում։ Հանդիպումները հնարավորություն են ընձեռել ուսումնասիրելու լավագույն փորձը և հասկանալու, թե ինչպես կարող են համալսարաններն աջակցել գիտական աշխատանքների առևտրայնացմանն ու բիզնեսի վերածմանը։ Պարզվել է, որ այս գործընթացը կարևոր է առաջատար բոլոր համալսարանների համար, և այն կարևորագույն առաջնահերթություններից է»,- ընդգծեց Ռուբեն Գևորգյանը։

Ի՞նչ է անհրաժեշտ «Mini MBA» ծրագրին մասնակցելու համար
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել հետազոտող, ունենալ յուրահատուկ գաղափար, ինչպես նաև՝ ցանկություն և պատրաստակամություն։ Տեղեկությունները, գիտելիքներն ու հմտությունները, որոնք կստանան մասնակիցները, կօգնեն ոչ միայն ճանաչել բիզնես աշխարհը, այլև արդյունավետ կերպով կիրառել իրենց գիտական գաղափարները՝ հետազոտությունից դեպի իրական աշխարհ տեղափոխելու համար։
Նշենք, որ ծրագրին մասնակցությունն անվճար է։
Ովքե՞ր հնարավորություն ունեն մասնակցելու
Թեև «Mini MBA» ծրագիրը նախատեսված է ոչ բիզնես մասնագիտություններով ուսանողների, ասպիրանտների և շրջանավարտների համար, այնուամենայնիվ դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր ցանկացողները։
«Առաջնահերթություն կտրվի համալսարանականներին, սակայն եթե այլ մարդիկ ևս ցանկություն հայտնեն, մենք պատրաստ ենք նրանց հետ ևս աշխատելու և ապահովելու համապարփակ աջակցություն՝ գիտական արդյունքները բիզնեսի վերածելու գործում»,- մատնանշեց Ռ․ Գևորգյանը։
Ովքե՞ր են դասավանդելու ծրագրի շրջանակում
Դասավանդելու են ինչպես ԵՊՀ դասախոսներ, այնպես էլ հրավիրյալ մասնագետներ, բիզնես ներկայացուցիչներ, բիզնեսի ոլորտում փորձառություն ունեցող մարդիկ։ Փորձառու թիմը կօգնի մասնակիցներին ձեռք բերել թե՛ ակադեմիական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրենց գաղափարները բիզնեսի վերածելու համար։
Նշենք, որ ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Ծրագիրը կարևոր ներդրում է մեր երկրի գիտահետազոտական էկոհամակարգում՝ միաժամանակ ապահովելով նաև անհրաժեշտ այն հարթակը, որտեղ գիտական հետազոտությունները կարող են վերածվել շուկայի պահանջներին համապատասխանող և մրցունակ բիզնես լուծումների։