ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական ուսումնական դահլիճում տեղի ունեցավ 2024-2025 ուստարվա շրջանավարտների՝ արդեն կայացած իրավաբանների մագիստրոսական դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆ. Հարություն Խաչիկյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց. ««Շրջանավարտ» լինել չի նշանակում միայն ստանալ իրավաբանական կրթություն, այլ՝ լինել նաև Երևանի պետական համալսարանի գործընկեր, շահակից։ Դուք 21–րդ դարի 3–րդ տասնամյակի սերունդ եք և հնարավորություն ունեք ապահովելու արդյունավետություն և զարգացում, կարող եք հաղթահարել ճգնաժամեր ու դժվարություններ, փոխել միջավայր, ուստի մենք ձեզնից լուրջ ակնկալիքներ ունենք։ Համալսարանը և ֆակուլտետը ձեզ տվել են ժամանակի մարտահրավերներին համապատասխան կրթություն, և վստահ ենք, որ այն իրագործելի կդարձնեք աշխատանքային մասնագիտական գործունեության ընթացքում: Դուք համալրելու եք իրավապահ և դատական համակարգը, ինչու չէ, նաև այլ բնագավառներ։ Եթե ոչ հիմա, ապա կգա ժամանակ, և կհասկանաք, որ համալսարանական տարիները ձեր կյանքի լավագույն տարիներն էին»։
Հարություն Խաչիկյանը բարի երթ մաղթեց և շնորհավորեց բոլոր շրջանավարտներին իրավաբանի բարձր կոչմանն արժանանալու համար՝ ակնկալելով աշխատանքային և գիտական նոր ձեռքբերումներ ու նվաճումներ։
Շրջանավարտներին բարի երթ մաղթեց պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը։ Նա, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց, որ այսօր դահլիճում երկակի զգացմունքներ են իշխում՝ ավարտելու ուրախություն և սիրելի ֆակուլտետից հեռանալու տխրություն։
«Երբեք չմոռանաք մայր բուհը, քանի որ այստեղ եք ձևավորվել և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ։ Ես չեմ հոգնում հորդորելուց, որ ոչ մի պարագայում չդավաճանեք ձեր մասնագիտությունը: Շատ կարևոր են ձեր՝ մագիստրոսի մասնագիտական որակը, ինչպես նաև ուսման ընթացքում ձեռք բերած խոր գիտելիքները գործնականում ճիշտ կիրառելը, քանի որ դրանք ոչ ճիշտ օգտագործելը ծանր հետևանքներ կարող է ունենալ մասնագիտական դաշտում և բացասաբար ազդել ինչպես ձեր, այնպես էլ ֆակուլտետի հեղինակության վրա: Մեզ համար ողջունելի է ձեզնից շատերի՝ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու ցանկությունը։ Ձեր ցանկացած հաջողություն մեր հաջողությունն է։ Մեր նախկին ռեկտորներց մեկն ասել է․ «Իրավագիտության ֆակուլտետը համալսարան է՝ համալսարանի մեջ»։ Եվ դա բացարձակ ճշմարտություն է։ Հետևաբար, ձեր վարքագիծը պետք է պայմանավորված լինի և առաջնորդվի հենց այս սկզբունքով, քանի որ դուք ներկայացնում եք ֆակուլտետ, որը մրցակից չունի այս մասնագիտության գծով ողջ հանրապետությունում»,- ընդգծեց Գագիկ Ղազինյանը։
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը հաջողություն մաղթեց մագիստրոսներին մասնագիտական գործունեության ոլորտում՝ հորդորելով բարձր պահել իրավաբանի մասնագիտական արժեքը և ֆակուլտետի պատիվը։ Նա՝ որպես «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, շեշտեց, որ իրենք փորձել են ձևավորել այնպիսի մակարդակ, որը շահեկան կլինի մագիստրոս–մասնագետների համար թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի եզրափակիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը:

Շնորհակալական խոսքեր հայտնեցին նաև մագիստրատուրայի ուսանողներ Աստղիկ Դավեյանը, Լուսինե Թունյանը, Լիանա Սերոպյանը, Անի Ղիմոյանը։ Նրանք մատնանշեցին իրավաբանական կրթության կարևորությունը և այդ ճանապարհին հարազատ ֆակուլտետի, սիրելի դասախոսների անմնացորդ ներդրումը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, գրասենյակի աշխատակիցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս կամ այն հարցում:
Շրջանավարտները նշեցին, որ համալսարանի և հարազատ ֆակուլտետի աջակցությամբ կարողացել են հաղթահարել մի շարք մարտահրավերներ:
Իրավագիտության ֆակուլտետին հրաժեշտ տվեցին մասնագիտական գիտելիքներով զինված 61 մագիստրոս շրջանավարտներ, որոնցից 32-ը՝ գերազանցության դիպլոմով: